Ստեփանակերտ-Երևան ճանապարհահատվածները երթևեկության համար կարող է վտանգավոր լինել. նախազգուշացում՝ Արցախի տեղեկատվական շտաբից - RadioVan.fm

Онлайн

Ստեփանակերտ-Երևան ճանապարհահատվածները երթևեկության համար կարող է վտանգավոր լինել. նախազգուշացում՝ Արցախի տեղեկատվական շտաբից

2022-09-13 09:22 , Общество, 798

Ստեփանակերտ-Երևան ճանապարհահատվածները երթևեկության համար կարող է վտանգավոր լինել. նախազգուշացում՝ Արցախի տեղեկատվական շտաբից

Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել:

Այդ մասին հայտարարում է Արցախի տեղեկատվական շտաբը ու, հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը, հորդորում է քաղաքացիներին այս ընթացքում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում:

Ընդգծվում է, որ ժամը 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ:

Հիշեցնենք՝ Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը, որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ այսօր առավոտյան ժամը 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություն չի կրել. ադրբեջանական կողմը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ըստ նախարարության՝ սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, Ադրբեջանը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

Лента

Рекомендуем посмотреть