Սեպտեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ, նրան է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքինկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի ագրեսիվ ու սադրիչ գործողություններին միջազգային հանրության կողմից հասցեական ու համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ հայկական կողմը ձեռնարկելու է հնարավոր բոլոր ջանքերը՝ ուղղված ադրբեջանական ագրեսիայի ետ մղմանը։
Արարատ Միրզոյանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ևս տեղեկացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:
Լավրովի հետ զրույցից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք՝ Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։