Նպատակն է ահաբեկել Արցախում ապրող մարդուն․ Արցախի ՄԻՊ-ը՝ Կարմիր շուկայի և Թաղավարդի տների ուղղությամբ այսօրվա կրակոցների մասին - RadioVan.fm

Онлайн

Նպատակն է ահաբեկել Արցախում ապրող մարդուն․ Արցախի ՄԻՊ-ը՝ Կարմիր շուկայի և Թաղավարդի տների ուղղությամբ այսօրվա կրակոցների մասին

2022-09-12 13:53 , Право, 855

Նպատակն է ահաբեկել Արցախում ապրող մարդուն․ Արցախի ՄԻՊ-ը՝ Կարմիր շուկայի և Թաղավարդի տների ուղղությամբ այսօրվա կրակոցների մասին

Սեպտեմբերի 12-ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե․ լուրը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ այս պահին ճշտված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում։

«Տներից մեկի դեպքում գնդակը խոցել է երկրորդ հարկի պատշգամբի դուռը և թափանցել տան սենյակ։ Տան բոլոր 4 անդամները՝ այդ թվում մեկ անչափահաս, գտնվում էին տանը և արթնացել են կրակահերթերից։

Մյուս դեպքում արձակված գնդակը խոցել է բնակելի տան բակում գտնվող շվաքարանը։

Ադրբեջանական կրակոցներից տուժել է մեկ տուն Թաղավարդ համայնքում, իսկ հարևանությամբ տեղակայված տան բակում հայտնաբերվել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ»,-հայտնում է Արցախի ՄԻՊ-ը, որի գնահատմամբ՝ այս գործողությունները Արցախի ժողովրդի կյանքի, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված ադրբեջանական հանցավոր վարքագծի, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական ապացույցն է, որի նպատակն է ահաբեկել Արցախում ապրող մարդուն և խաթարել նրա բնականոն կյանքն ու գործունեությունը։

Лента

Рекомендуем посмотреть