«Եթե նրանք տեղափոխվում են Հայաստան` նրանք մնում են Եվրասիական տնտեսական միությունում»․ Փաշինյանը՝ ռուսների հոսքի մասին - RadioVan.fm

Онлайн

«Եթե նրանք տեղափոխվում են Հայաստան` նրանք մնում են Եվրասիական տնտեսական միությունում»․ Փաշինյանը՝ ռուսների հոսքի մասին

2022-09-07 19:06 , Политика, 832

«Եթե նրանք տեղափոխվում են Հայաստան` նրանք մնում են Եվրասիական տնտեսական միությունում»․ Փաշինյանը՝ ռուսների հոսքի մասին

«Բազմաթիվ մարդիկ պարզապես եկել են Հայաստան, քանի որ մարդկանց անհրաժեշտ է ստանալ աշխատավարձեր, որովհետև նրանք փաստացի գտնվելով Ռուսաստանում, աշխատում են Արևմուտքի հետ: Ֆինանսական փոխանցումների հետ կապված խնդիրների պատճառով նրանք այժմ տեղափոխվել են Հայաստան»,-այդ մասին Վլադիվոստոկում «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին ունեցած ելույթից հետո, ի պատասխան լրագրողի հարցի, դեպի Հայաստան Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) քաղաքացիների հոսքին է անդրադարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասել է, որ հույս ունի, որ դա Ռուսաստանում ընկալվում է որպես ԵԱՏՄ-ում տեղաշարժ, քանզի ԵԱՏՄ-ն հենց դրա համար էլ ստեղծվել է, որպեսզի տեղի ունենա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժ, ինչը և այժմ մենք տեսնում ենք իրականում:

«Վլադիմիր Վլադիմիրին այդ մասին ասաց, որ ինքը զգուշացրել է ապագա որոշ խնդիրների մասին, որոնք կարող են ի հայտ գալ այն գործարարների համար, որոնք աշխատում են Արևմուտքում, բայց կարծում եմ` Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է հենց այդպիսի իրավիճակների համար, որպեսզի մեր երկրների տնտեսությունները լինեն ավելի ճկուն: Արդարության համար պետք է ասել, որ հունվար-փետրվարին մեզ մոտ արդեն նկատվում էր տնտեսական բարձր աճ, բայց մարտին արդեն ի հայտ եկան խնդիրներ և մտահոգություններ:

Իհարկե, մարդիկ, որոնք ժամանեցին Հայաստան, շատ լավ օգնեցին, և մենք շատ ուրախ ենք: Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ, քանի որ կան նաև ոլորտներ, որոնք կարելի է միասին զարգացնել: Այժմ ի հայտ է եկել ռուսական տարածաշրջանների` հայ գործընկերների հետ աշխատելու լավ դինամիկա:

Դուք հարցրեցիք հնարավոր պատժամիջոցների մասին, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հարցի վրա. եթե թեորեապես Հայաստանը հայտնվի պատժամիջոցների տակ` դա ձեռնտու չի լինի Ռուսաստանին: Ի՞նչ ենք առաջարկում. մենք առաջարկում ենք համագործակցել գրագետ և օգտագործել այն հնարավորությունները, որոնք այժմ բացվել են և նկատել նաև այն մարտահրավերները, որոնք ոչ միայն առնչվում են Ռուսաստանին, այլ նաև ԵԱՏՄ-ին, մեր համագործակցությանը, որպեսզի կառավարենք և ինչ-որ կերպ չեզոքացնենք այդ մարտահրավերները: Այնպես որ, մենք շատ ուրախ ենք ՌԴ այն քաղաքացիների համար, որոնք ժամանել են Հայաստան:

Երբ այս տարվա առաջին կիսամյակում քննարկում էինք` մեր ռուս գործընկերների ուշադրությունը հրավիրեցի հետևյալի վրա: Եթե նրանք տեղափոխվում են Հայաստան` նրանք մնում են Եվրասիական տնտեսական միությունում և հնարավորությունը, որ կվերադառնան Ռուսաստան՝ Հայաստանից մի քանի անգամ ավելի է, քան այն, որ նրանք աշխատեն Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում: Նախկինում շատ ռուս զբոսաշրջիկներ արձակուրդներին ժամանում էին Հայաստան, այժմ արձակուրդին ժամանում են Ռուսաստան:

Ներկայումս մենք մեծ խնդիր ունենք անշարժ գույքի հետ, քանի որ Հայաստանում անշարժ գույքի գները բարձրանում են, վարձով բնակարնների գները ևս աճում են: Դա խնդիր է, բայց այն ստեղծում է նոր հնարավորություններ: Եթե չեմ սխալվում, այս տարի արդեն շինարարության ոլորտում ունենք 13 տոկոս աճ: Ռուսական բիզնեսը ևս հետաքրքրված է ներդրումներ իրականացնելու այդ ոլորտում:

Հնարավոր տնտեսական խնդիրների համատեքստում շատ կարևոր է՝ չնայած նրան, որ մենք շատ սերտորեն համագործակցում ենք ՌԴ-ի հետ, միջազգային վարկանիշային գործակալությունները վերահաստատում են Հայաստանի Հանրապետության բարձր վարկանիշը: Ռուսաստանցի գործարարների ուշադրությունն եմ ցանկանում հրավիրել, որ Հայաստանը հիանալի առաջխաղացում է արձանագրում ազատ տնտեսություն ունեցող պետությունների վարկանիշային աղյուսակում, և այս համատեքստում, մենք ունենք նոր հավակնություններ և հույս ունենք, որ համաշխարհային մասշտաբով վարկանիշային աղյուսակում կհայտնվենք լավագույն տասնյակում:

Ունենք շատ լավ հնարավորություններ, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը լինի էլ ավելի բարձր մակարդակի, չնայած նրան, որ Ռուսաստանը մշտապես, վերջին 30 տարիների ընթացքում եղել է Հայաստանի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերը: Շատ կարևոր է, որ այժմ հնարավորություն է ստեղծվել փոխել նաև տնտեսական համագործակցության որակը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք՝ Վլադիվոստոկում «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Մյանմայի, Մոնղոլիայի վարչապետները, Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը: Հեռավար կերպով ֆորումին ելույթով են հանդես եկել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Մալայզիայի և Վիետնամի կառավարությունների ղեկավարները:

Лента

Рекомендуем посмотреть