ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այսօր քննարկվել է «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության (ԵՄ) և դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը։
Այն ներկայացնելիս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասել է, որ Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի՝ ապահովելով կողմերի շուկաների հասանելիությունը հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության և միասնական կանոններով՝ ներառյալ թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային երևեկության կազմակերպման, մրցակցության, սոցիալական և շրջակա միջավայրի ոլորտներում:
Ընդհանուր ավիացիոն գոտին թույլ է տալու նաև ընդլայնել օդային հաղորդակցությունը և զարգացնել միջազգային ավիացիոն համակարգը՝ հիմնվելով շուկայում ավիաընկերությունների միջև ոչ խտրական, թափանցիկ և արդար մրցակցության վրա: Փոխնախարարի խոսքով՝ համաձայնագրի վավերացումը կխթանի առևտրի, զբոսաշրջության, ներդրումների և սոցիալ-տնտեսական ոլորտների զարգացումը՝ ապահովելով շարժունակության ավելի լայն հնարավորություններ:
Հարցի քվեարկությունը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով՝ որոշ խնդիրներ աշխատանքային ձևաչափով քննարկելու նպատակով: