Վառելիքը թերի լցնող կայաններում վարորդներին իրազեկող ցուցանակ կտեղադրվի, տուգանքի չափն էլ կփոխվի - RadioVan.fm

Онлайн

Վառելիքը թերի լցնող կայաններում վարորդներին իրազեկող ցուցանակ կտեղադրվի, տուգանքի չափն էլ կփոխվի

2022-09-07 16:28 , Политика, 1017

Վառելիքը թերի լցնող կայաններում վարորդներին իրազեկող ցուցանակ կտեղադրվի, տուգանքի չափն էլ կփոխվի

Լցակայանում թերլիցքավորում հայտնաբերելու փաստով տուգանք նշանակելու մասին վարչական ակտի անբողոքարկելի դառնալուց հետո՝ հաջորդող երեք օրվա ընթացքում, բաշխիչ կայաններում՝ վարորդի համար տեսանելի հատվածում, պետք է տեղադրվի ցուցանակ, որում կնշվի, որ տվյալ լցակայանը տուգանվել է թերլիցքավորում կատարելու համար: Փոփոխությունն ավելի շատ կանխարգելիչ բնույթ է կրում: Հաշվի առնելով նմանօրինակ պատիժը՝ տնտեսվարողներն ավելի աչալուրջ կգտնվեն:

Այս մասին այսօր ասել է ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ նեկայացնելով Բաբկեն Թունյանի հետ հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Ցուցանակը փակցվելու է մեկ ամիս ժամկետով, և այն դիտավորությամբ հեռացնելը նույնպես տուգանման ենթակա արարք է: Պոկված ցուցանակը հայտնաբերվելու օրվանից այն դարձյալ փակցվելու է ևս մեկ ամիս ժամկետով: Յուրաքանչյուր լցակայան հասցեական ունենալու է QR կոդ, և քաղաքացիները կկարողանան դրա միջոցով տիրապետել ստուգումների մասին տեղեկատվությանը: Սա հանրային վերահսկողության գործիք է, որով հաճախորդները կտեղեկանան տնտեսվարողի գործունեության մասին ամբողջական տեղեկատվությանը:

Գործող կարգավորումով՝ թերլիցքավորման արդյունքում ձեւավորված տուգանքը ֆիքսված գումար է՝ 500 հազար դրամ: Առաջարկվել է ավելի համաչափության սկզբունք ներդնել. տուգանք սահմանել ֆիքսված 200 հազար դրամ և տվյալ հասցեում արձանագրված խախտման օրվան նախորդող եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսի չափով:

Առաջարկվող փոփոխությունները կապահովեն տուգանքների սահմանման առավել արդարացի բաշխման համակարգ, որի միջոցով տուգանք կսահմանվի կազմակերպության այն հասցեների նկատմամբ, որոնք կատարել են տվյալ խախտումը՝ տուգանքի հաշվարկում ներառելով տվյալ տնտեսվարողի շրջանառությանը վերաբերող գործակից:

Բաբկեն Թունյանի դիտարկմամբ՝ լրացուցիչ պատժամիջոցը՝ թերլիցքավորման վերաբերյալ ցուցանակ փակցնելը, ավելի զգաստացնող և խիստ պատիժ է, քան տուգանքի չափը, և հասարակությունն անհամբեր սպասում է այդ փոփոխությանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ Կառավարության նախնական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ դրական է: Նա տեղեկացրել է, որ 2022 թ. առաջին կիսամյակում իրականացվել է 80 ստուգում, թերլիցքավորման մասով հայտնաբերվել է 5 խախտում:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Лента

Рекомендуем посмотреть