Արցախի Հանրապետության (ԱՀ) Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավորներն այսօր ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա․ Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ա․ Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել՝վերանայելու Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից՝ ներկայացնելով նաև միջնորդության ամբողջական բովանդակությունը և պատգամավորների ստորագրությունները, որոնց թիվը փաստաթղթում 24 է։
Նշենք՝ Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովի 5 խմբակցություններում ընդհանուր առմամբ ներգրավված է 33 պատգամավոր՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունն ունի 16 անդամ, «Միասնական հայրենիք»-ը՝ 9 անդամ, «Արդարություն» խմբակցությունը՝ 3 անդամ, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն»-ը՝ 3 անդամ, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունը՝ 2 անդամ:
Ստորև՝ 24 պատգամավորի ստորագրությամբ միջնորդության պատճենները։
Հիշեցնենք՝ Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը մեղադրվում է Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար։ Քննչական կոմիտեից մանրամասնել են, որ գեներալ-լեյտենանտը, մասնավորաբար, 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը չի ապահովել ու չի վերահսկել զորքերի մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, չի դրսևորել հաստատակամություն ու վճռականություն, օպերատիվ ու ճկուն չի արձագանքել ստեղծված իրադրության փոփոխություններին, չի ապահովել զորքերի կիրառման անընդհատությունը, ներդաշնակ և լիարժեք հրամանատարությունը և այլն: Բացի այդ, ըստ քննչականի, նա «համայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել» ինչի հետևանքով հակառակորդը, առանց դիմադրության, ամրապնդել է իր ուժերը, ձեռք բերելով գերիշխող դիրք՝ գրոհներ է իրականացրել պաշտպանության բնագծի այլ մարտական դիրքերի ուղղությամբ։ Այդ բարձունքը հետ գրավելու նպատակով իրականացված հակագրոհները ձախողվել են, որոնց ժամանակ հայկական ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ: Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին։