Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրների լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների վերաբերյալ։
ՀՀ արտգործնախարարության փոխանցմամբ՝ հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի:
«Արարատ Միրզոյանը կարևորել է ռուսական կողմի ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը:
Վերահաստատվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը:
Կարևորվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը՝ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման և սադրանքների կանխման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և կենսագործունեության պայմանների ապահովման գործում։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրությունում։