«Քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ»․ Փաշինյանը՝ բրյուսելյան հանդիպման մասին - RadioVan.fm

Онлайн

«Քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ»․ Փաշինյանը՝ բրյուսելյան հանդիպման մասին

2022-09-01 17:22 , Политика, 788

«Քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ»․ Փաշինյանը՝ բրյուսելյան հանդիպման մասին

«Երեկ մենք մամլո հաղորդագրություն ենք տարածել հանդիպման վերաբերյալ, որտեղ նշված են քննարկված թեմաները: Նաև նշված են այն որոշումները, որոնք կայացվել են. դրանք աշխատանքային բնույթի որոշումներ են: Իհարկե, հասկանալի է, որ քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ, բայց ես ուզում եմ նաև արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ և պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ իմ հրապարակային ելույթներում՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, և այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը:

Փաշինյանի խոսքով՝ բոլորս պետք է հասկանանք, որ դա հեշտ չէ և պարզ չէ, և հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն․

«Մենք պետք է շարունակենք հետևողական աշխատել: Նաև կարծում եմ, որ անհրաժեշտություն է և ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական և համապարփակ խաղաղություն: Եվ մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա»։

Վարչապետը նշել է նաև, որ հաղորդելու այլ մանրամասներ այս պահին չկան, քանի որ դրանք արդեն համառոտ ներկայացվել է պաշտոնական հաղորդագրությունում.

«Հետագայում, եթե կլինեն մանրամասներ, առաջարկներ կամ թեմաներ, որոնք այնքան հասունացած կլինեն, որ անհրաժեշտ լինի քննարկել կառավարությունում, հանրության հետ, քաղաքական ուժերի հետ, մենք դա, իհարկե, անպայման կանենք»:

Лента

Рекомендуем посмотреть