«Բարձրագույն կրթության բնագավառում բարեփոխումների մեկնարկն այլևս չի կարելի հետաձգել, և ընդունելության քննությունների խայտառակ վիճակագրությունը պետք է ուժեղ ազդակ դառնա սրա համար»,-այդ մասին կառավարության այսօրվա նիստում, Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առիթով ներկայացնելով կրթության ոլորտում լայնածավալ բարեփոխումների ընթացքը, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այս տարի բուհական ընդունելության տեղերի շուրջ 60 տոկոսը թափուր են մնացել:
«Ընդ որում՝ պետական բուհերում թափուր է մնացել տեղերի ավելի քան 40 տոկոսը, մասնավոր բուհերում՝ շուրջ 98 տոկոսը: Չնայած կան պետական բուհեր, որոնցում վիճակագրությունը մոտ է մասնավորին: Այսինքն՝ մենք ունենք նաև պետական բուհեր, որին պետությունը հատկացրել է տեղեր, և 90, 92, 94, 98 տոկոսով թափուր են մնացել»,-ասել է Փաշինյանը՝ միաժամանակ նկատելով, որ հայաստանյան բուհերը թե՛ ֆիզիկական ենթակառուցվածքի, թե՛ կրթական պրոցեսի մակարդակով հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:
«Երկրում կա՛մ չկան բուհական ստանդարտներ, կա՛մ չեն գործում: Բարձրագույն կրթությամբ դիպլոմով մարդիկ հաճախ անմրցունակ են աշխատաշուկայում, ինչպես արդեն նշեցի: Այս ոլորտում մենք մտադիր ենք գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ: Այդ բուհերը, ուշադրություն դարձրեք, լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին՝ սկսած ֆիզիկական, այդ թվում՝ կրթական, հետազոտական, մարզական, հանրակացարանային ենթակառուցվածքներից մինչև միջազգային կրթական ծրագրերը և որակավորված ու պատշաճ վճարվող պրոֆեսորադասախոսական կազմը: Մենք արդեն կողմնորոշվել ենք ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ՝ Աշտարակում, և միավորվող, նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ: Մեր բուհերը, ըստ այդմ, պետք է գրավիչ լինեն ոչ միայն հայաստանյան, այլև օտարերկրյա ուսանողների համար, և օտաերկրացի ուսանողների թվի շարունակական ավելացումը մեր բուհական համակարգի մրցունակության ամենավստահելի ցուցիչը պիտի դառնա»,-ասել է Փաշինյանը:
Փաշինյանը պարզաբանել է, թե որն է իրենց գաղափարը․
«Մենք ասում ենք, որ քանի որ, այսպես ասած, ինքնաբերաբար չի ստացվում, մենք երկրում պետք է ունենանք, կոնսոլիդացնենք մինչև 8 գիտահետազոտական բուհ, այդ բուհերի ամբողջ ֆինանսավորումը վերցնենք՝ սկսած ֆիզիկական ենթակառուցվածքներից, բովանդակային, պրոֆեսորադասախոսկան կազմի աշխատավարձեր և այլն: Եվ մենք պետք է սահմանենք բուհի ստանդարտ: Այսինքն՝ նախ պետությունը պետական բուհերի հետ այդ աշխատանքը պետք է անի, և մենք պետք է ասենք, որ Հայաստանի Հանրապետությունում բուհ կարող է կոչվել միայն այն հաստատությունը, որը համապատասխանում է այս չափանիշին, այս ստանդարտին, որը պետությունն ինքը սահմանել է: Որևէ բուհ, որը չի համապատասխանում այս ստանդարտին, մենք գնալու ենք և ուղղակի այդ ցուցանակը, որտեղ գրված է բարձրագույն ուսումնական հաստատություն, հանենք, որովհետև շատ դեպքերում բացի այդ ցուցանակից ուրիշ ոչ մի բան չկա: Այսինքն՝ այդ ցուցանակը, որ հանում ես, ընդամենը դառնում է վարձով տարածք, ինչին էլ արժանի է: Էլ չեմ ասում, որ մենք հետևողական պետք է լինենք, որովհետև եթե նկատել եք, երկար տարիներ Հայաստանն անընդհատ միջազգային սկանդալների կիզակետում է հայտնվում, որովհետև տեղեր կան, որտեղ այդ ցուցանակն է և մի քսերոքսի սարք, որով դիպլոմ են բաժանում, ընդ որում՝ հաճախ, ենթադրենք, նեյրոխիրուրգի, վիրաբույժի: Հետո այդ մարդիկ ընդունվում են տարբեր երկրներում աշխատանքի, դեպքեր է լինում, սկսում են հետաքրքրվել, թե ով է այս մարդուն դիպլոմ տվել: Այդ մարդուն դիպլոմ է տվել Հայաստանի Հանրապետությունը»: