Բերձորից ու Աղավնոյից Սյունիք տեղափոխված բնակիչների տներ շրջայցին միացել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Մարզպետարանից հայտնում են, որ նա այցելել է Քարահունջում հաստատվածընտանիքներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել կեցության պայմաններով ու լսել խնդիրների մասին։
Ընդգծվում է, որ մարզպետարանի աշխատակիցներն արդեն սկսել են արձագանքելմինչ այս գրանցած խնդիրներին․ Գորիս է հասցվել անհրաժեշտ կենցաղային տեխնիկա ու ըստ անհրաժեշտության հատկացվել ընտանիքներին։
Գործընթացը կշարունակվի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս օրերին Սյունիքի մարզպետարանի աշխատանքային խումբը, մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի գլխավորությամբ, այցելում է Բերձորից ու Աղավնոյից Սյունիք տեղափոխված ընտանիքներին․ մարզպետարանը դիտարկում էընտանիքների կենսապայմանները, գնահատում կարիքները, հետաքրքրվում բուժսպասարկման, մանուկների կրթության ապահովման, ընտանիքների անդամների զբաղվածության հարցերով։
Նշենք, որ ներկայում Սյունիք է տեղափոխվել 21 ընտանիք․ նրանք հաստատվել են Գորիս ու Սիսիան համայնքներում։
Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին Աղավնոյի բնակիչների հետ հանդիպմանը Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը տեղեկացրել էր, որ մինչև օգոստոսի 25-ը նրանք պետք է հեռանան գյուղից։ Գյուղի հրատապ տարհանման հարցն օրակարգ բերվեց, երբ շփման գծի լարվածության ֆոնին Արցախի նախագահը հայտնել էր, որ Ադրբեջանը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել Հայաստան-Արցախ երթևեկությունը Լաչինի փոխարեն առաջիկայում նոր երթուղով կազմակերպել։