Բերձորում և Աղավնոյում տները հրկիզողների արարքներում հանցակազմ չի եղել․ քրգործեր չեն հարուցվի - RadioVan.fm

Онлайн

Բերձորում և Աղավնոյում տները հրկիզողների արարքներում հանցակազմ չի եղել․ քրգործեր չեն հարուցվի

2022-08-31 15:53 , Право, 998

Բերձորում և Աղավնոյում տները հրկիզողների արարքներում հանցակազմ չի եղել․  քրգործեր չեն հարուցվի

Հաշվի առնելով Բերձոր քաղաքում և Աղավնո համայնքում բնակիչների կողմից իրենց տների հրկիզման դեպքերի հանրային լայն հնչեղություն ստանալու հանգամանքը՝ Արցախի Հանրապետության (ԱՀ) ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանությունից հայտնում են, որ սույն թվականի օգոստոսի 14-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով՝ հրկիզողների արարքներում հանցակազմի բացակայության կապակցությամբ։

Ընդգծվում է, որ վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։

Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին Աղավնոյի բնակիչների հետ հանդիպմանը Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը տեղեկացրել էր, որ մինչև օգոստոսի 25-ը նրանք պետք է հեռանան գյուղից։ Գյուղի հրատապ տարհանման հարցն օրակարգ բերվեց, երբ շփման գծի լարվածության ֆոնին Արցախի նախագահը հայտնել էր, որ Ադրբեջանը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել Հայաստան-Արցախ երթևեկությունը Լաչինի փոխարեն առաջիկայում նոր երթուղով կազմակերպել։ Տարհանման հրահանգ ստացած բնակիչները այդ օրերին հրկիզեցին իրենց տները։

Օգոստոսի 23-ին թեև Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հայտարարություն տարածեց՝ ընդգծելով, թե Աղավնոյում, Բերձորում հրդեհները «հրահրված» են, ու որ՝ պետական կառույցները «կոչ են արել չհրդեհել տները, չթալանել ենթակառուցվածքները»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսին Քաշաթաղի շրջանի Աղավնո և Բերձոր համայնքներում բնակելի տների հրկիզման դեպքերի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել է քրեադատավարական գործընթաց:

Лента

Рекомендуем посмотреть