Հայաստանից դեպի Արցախ՝ շրջանցելով Բերձոր քաղաքը․ Արցախի ՆԳՆ-ն՝ նոր երթուղու մասին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանից դեպի Արցախ՝ շրջանցելով Բերձոր քաղաքը․ Արցախի ՆԳՆ-ն՝ նոր երթուղու մասին

2022-08-31 15:50 , Право, 1015

Հայաստանից դեպի Արցախ՝ շրջանցելով Բերձոր քաղաքը․ Արցախի ՆԳՆ-ն՝ նոր երթուղու մասին

Արցախի Հանրապետության (ԱՀ) ներքին գործերի նախարարությունն (ՆԳՆ) իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձոր քաղաքը:

Ընդգծվում է, որ Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ շահագործվում է օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից։ Արցախի ՆԳՆ-ից ընդգծում են, որ ճանապարհի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահները, ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանները և ԱԻ պետական ծառայության փրկարարները՝ հսկելով քաղաքացիների անվտանգ ելումուտը։

Հիշեցնենք՝ Բերձոր քաղաքը, Աղավնոն ու Սուսն Ադրբեջանին են անցել օգոստոսի 26-ին՝ 44-օրյա պատերազմից հետո ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։

Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Արցախի և Հայաստանի միջև կապը օգոստոսի 31-ից հետո կիրականացվի նոր միջանցքով՝ հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, ու որ՝ «քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում կապահովեն ռուս խաղաղապահները»։ Նույն օրն ավելի ուշ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ անցկացվեց, որի ավարտին հայտարարվեց, որ որոշում է կայացվել Հայաստանի հետ հաղորդակցությունը Բերդաձորի ենթաշրջանի տարածքով իրականացնել օգոստոսի 30-ից, ժամը 20։00-ից։ Արցախը Հայաստանին կապող 4.7 կիլոմետրանոց այս ճանապարհը ժամանակավոր է՝ մինչև ավարտվի Լաչինի միջանցքին փոխարինող հիմնական՝ Կոռնիձորով ճանապարհը։

Лента

Рекомендуем посмотреть