Դիվանագիտական տարրական հմտության բացակայությունը հանգեցնում է՝ «ամեն ինչին համաձայնենք, պրծնենք» մտածողությանը․ Օսկանյանը՝ Փաշինյանի սխալների մասին - RadioVan.fm

Онлайн

Դիվանագիտական տարրական հմտության բացակայությունը հանգեցնում է՝ «ամեն ինչին համաձայնենք, պրծնենք» մտածողությանը․ Օսկանյանը՝ Փաշինյանի սխալների մասին

2022-08-30 17:47 , Политика, 897

Դիվանագիտական տարրական հմտության բացակայությունը հանգեցնում է՝ «ամեն ինչին համաձայնենք, պրծնենք» մտածողությանը․ Օսկանյանը՝ Փաշինյանի սխալների մասին

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը (1998-2008թթ․) լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական հոդվածը, որում ընդգծում է, թե որն է մարդկային ու տարածքային կորուստների հիմնական պատճառը։

Հոդվածը՝ ստորև․

«Թերևս այլևս լրացուցիչ փաստերի կարիք չունենք արձանագրելու, որ Հայաստանի՝ 2018-ին ձևավորված իշխանությունները դիվանագիտության ու միջազգային հարաբերությունների մասին տարրական գիտելիքներից շատ հեռու էին ու շարունակում են այդպիսին մնալ։ Չնայած դավադրությունների տեսություններին՝ ես շարունակում եմ վստահ լինել, որ հենց այդ հանգամանքն է մեր ունեցած և դեռ շարունակվող մարդկային ու տարածքային կորուստների հիմնական պատճառը։

Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական առաջին սխալն այն էր, որ նա երկրի ներսում նորաստեղծ իշխանությունների դիրքերը կայունացնելու և ամրացնելու համար Ալիևի հետ առաջանագծում չկրակելու համաձայնություն ձեռք բերեց, ինչը ադրբեջանական կողմը լիովին կատարեց։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա անմեղ, նույնիսկ հնարամիտ քայլ էր։ Սակայն դա դիվանագիտական առաջին կոպիտ վրիպումն էր, որը և ադրբեջանական կողմի մոտ ձևավորեց սահմանին անդորրի դիմաց Հայաստանի կողմից կարճ ժամանակում զգալի զիջումների ակնկալիքներ։

Պատերազմների պատճառը մշտապես լինում է հակամարտող կողմերի ակնկալիքների հետևողական ձևավորումը և վերջում դրանց ձգձգումը, դրժումը կամ չբավարարումը։

Փաշինյանի երկրորդ սխալն այն էր, որ նա ամբողջությամբ արհամարհեց մինչ այդ եղած բանակցային բոլոր փուլերը և համապատասխան փաստաթղթերը՝ հայտարարելով, թե բանակցություններն սկսելու է իր զրոյական կետից։ Սա հենց Ադրբեջանի ցանկությունն էր, ինչը հնարավորություն էր ստեղծում ձերբազատվելու իր համար բանակցային փաստաթղթերում տեղ գտած անցանկալի, բայց միջնորդների կողմից ընդունված դրույթներից և հիմնարար սկզբունքներից, ինչպես օրինակ՝ Արցախի ինքնորոշման իրավունքից՝ միաժամանակ ի ցույց դնելով միջնորդներին և ավելի լայն շրջանակի երկրներին հայկական կողմի անլրջությունը և անվստահելիությունը ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ։

Փաշինյանի երրորդ դիվանագիտական ձախողումը նրա՝ մի կողմից Ղարաբաղյան հարցում հստակ դիրքորոշման ու քաղաքականության բացակայությունն էին, մյուս կողմից՝ այդ հարցում իրարամերժ ու հակասական հայտարարությունները։ Սկզբում՝ անորոշ և քաոսային մտքեր, հետո՝ պնդումը, թե հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Եվ վերջապես՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը։ Ես կարծում եմ՝ նրա հենց այս մտքերի խորը հակասություններն էին, որ Ադրբեջանին առիթ տվեցին պատճառաբանելու բանակցային ճանապարհով հարցը լուծելու անհնարինությունը և որոշակիորեն արդարացնելու պատերազմի հրահրումը։

Չկա պատերազմ, որից հնարավոր չէ խուսափել։ Հակառակի պնդումը քաղաքական անզորությունն ու անգործությունն արդարացնող կեղծ ու վտանգավոր կանխավարկած է։ Եթե սկսվել է պատերազմ, որից մենք կուզեինք խուսափել, ուրեմն Հայաստանի ղեկավարությունը սխալվել է քաղաքական պարզ հաշվարկներում և ձախողել է բանակցային գործընթացում։

Դժբախտաբար, այս միտումը և դիվանագիտական սխալների շքերթը շարունակվում է՝ մեզ պատճառելով նորանոր, բայց միանշանակ խուսափելի մարդկային և տարածքային կորուստներ։

Ուժի առաջ անզոր լինելու ֆատալիզմը և դիվանագիտական տարրական հմտության բացակայությունը հանգեցնում է՝ «ամեն ինչին համաձայնենք, պրծնենք» մտածողությանը։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել, թե ինչպես կարելի էր հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի առաջարկած հետագա բանակցային օրակարգի հինգ կետերը միանգամից՝ վարչապետի և արտգործնախարարի մակարդակով՝ առանց անգամ բանակցություններ սկսելու, ամբողջությամբ ընդունելի համարել։

Մինչդեռ պատասխանը կարող էր շատ պարզ ձևակերպվել ի շահ Հայաստանի։ Մոտավորապես այսպես.

«Ձեր իրավունքն է բանակցային օրակարգ բերել ցանկացած հարց, և հայկական կողմը չի խուսափելու դրանք քննարկելուց։ Ուստի ելնելով նույն տրամաբանությունից և ունենալով նման ակնկալիք ձեզանից՝ ներկայացնում ենք հայկական կողմի օրակարգային հարցերը.

– ԼՂԻՄ-ի ապագա կարգավիճակը,

– Շուշիի և Հադրութի ճակատագիրը՝ որպես ԼՂԻՄ-ի անբաժանելի մաս,

– Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը,

– ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից,

– Մինսկի խմբի բանակցային ձևաչափի վերականգնման հնարավորութլունը,

– Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ ուժերի ժամկետների հարցը,

– այլ հարցեր»։

Առաջարկված այս օրակարգում չկա որևէ հարց, որը կարող է հարուցել դիվանագիտական և ռազմական անսպասելի հակազդեցություն։ Այս օրակարգը միանշանակ հասկանալի և ընկալելի է միջնորդ կողմերին։ Սրա բացակայությունն է, որ զարմանք է առաջացնում բոլոր նրանց մոտ, ովքեր դեռ չեն հավատում, որ նույնիսկ սա ձևակերպելու հմտություն ներկա իշխանությունը չունի։

Այսօր հայկական դիվանագիտության առաջնային խնդիրն է հավասարակշռված օրակարգով մտնել երկարատև բանակցությունների մեջ։

Դիվանագիտությունը անվերջ հնարավորությունների հարթակ է։ Ամենաանհույս իրավիճակներում անգամ հնարավոր է ինչ-որ բան շտկել, սրբագրել։ Ֆատալիզմը իրական անզորության հետ առնչություն չունի։ Դա հմտությունների, գիտելիքների, փորձի բացակայության և սեփական սխալները չընդունելու, խորհուրդներին ականջալուր չլինելու համառության համադրությունն է։ Հենց սրան ենք արդեն երեք տարուց ավելի ականատես լինում։ Ու բացառապես սրա արդյունքում ենք բախվում անվերջանալի կորուստների»։

Лента

Рекомендуем посмотреть