Որոշում է կայացվել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի հետ կապն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով. Արցախի ԱԽ - RadioVan.fm

Онлайн

Որոշում է կայացվել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի հետ կապն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով. Արցախի ԱԽ

2022-08-29 16:21 , Другие, 1020

Որոշում է կայացվել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի հետ կապն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով. Արցախի ԱԽ

Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր՝ օգոստոսի 29-ին, կայացել է Անվտանգության խորհրդի (ԱԽ) հերթական նիստը:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ օրակարգում Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր երթուղու շահագործմանը վերաբերող հարցերն են եղել։

Զեկույցներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

«Նշվել է, որ, 2020թ.-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ստորագրած հայտարարության 6-րդ կետի համաձայն, նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը: Երթուղին Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող մոտ 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են:

Նիստի մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են նոր ճանապարհի անվտանգային հարցերի ու քաղաքաշինական նորմերի հետ կապված անհրաժեշտ երաշխիքների ապահովումը և այդ ուղղությամբ պետական համապատասխան կառույցների ու Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության փոխգործակցված աշխատանքի կարևորությունը:

Շահագրգիռ քննարկման արդյունքում Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով»,-ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ օգոստոսի սկզբին Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով վերջնագիր էր ներկայացրել Հայաստան-Արցախ երթևեկությունը Լաչինի փոխարեն առաջիկայում նոր երթուղով կազմակերպել, ըստ էության՝ հանձնել Բերձորն ու հարակից երկու գյուղերը՝ Սոսն ու Աղավնոն։ Օգոստոսի 5-ին Աղավնոյի բնակիչների հետ հանդիպմանը Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը տեղեկացրել էր, որ մինչև օգոստոսի 25-ը նրանք պետք է հեռանան գյուղից։

Օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության (ԱՀ) ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնել էր, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը՝ «Բերձորի միջանցք»-ը, կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ, այդ ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները: Նույն օրը ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանի համաձայն՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները լիակատար վերահսկողություն են սահմանել Լաչին քաղաքի, ինչպես նաև Աղավնո (Զաբուխ) և Սուս բնակավայրերի նկատմամբ։

Դեռ ժամեր առաջ Արցախի ՆԳՆ-ն կրկին հայտնում էր, որ Հայաստանի Հանրապետության հետ կապը նոր միջանցքով՝հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, կիրականացվի օգոստոսի 31-ից հետո, ու որ՝ Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ տեղաշարժն ապահովում են ռուս խաղաղապահները:

Лента

Рекомендуем посмотреть