«Տարածաշրջանում սա լինելու է ամենալավ մանկապարտեզներից մեկը»․ Երևանում վերաբացվել է «Մանկության Ակադեմիա» մանկակրթարանը - RadioVan.fm

Онлайн

«Տարածաշրջանում սա լինելու է ամենալավ մանկապարտեզներից մեկը»․ Երևանում վերաբացվել է «Մանկության Ակադեմիա» մանկակրթարանը  

2022-08-24 18:33 , Общество, 2057

«Տարածաշրջանում սա լինելու է ամենալավ մանկապարտեզներից մեկը»․ Երևանում վերաբացվել է «Մանկության Ակադեմիա» մանկակրթարանը

Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի Փիրումյաններ 5/1 հասցեում այսօր յուրօրինակ գունեղ ու պայծառ տրամադրություն էր․ պաշտոնապես իր դռները բացեց «Մանկության Ակադեմիա» մանկակրթարանը։

Կրթության որակի բարելավման գործում իրենց ներդրումն ունենալու նպատակով միջազգային բարձր չափանիշներին համապատասխան մանկապարտեզի հիմնումը Նարե Ներկարարյան և Խաչիկ Բաղդասարյան զույգի գաղափարն է, որն իրականություն էր դարձել դեռևս 2019 թվականի հունիսին։

Կորոնավիրուսային հիվանդության համավարակի պատճառով, սակայն, 2020-ի մարտի կեսերին հաստատությունը դադարեցրել էր գործունեությունը։

Դադարի ժամանակահատվածը հիմնադիրները ծառայեցրել են մանկակրթարանի ծառայությունների կատարելագործմանը․ 2022-ի հունիսին, ահա, վերաբացված կառույցում փոխվել են մոտեցումները մանկավարժական կազմի ընտրության հարցում, ներդրվել է «Առողջ սնունդ, առողջ ափսե»-ի գաղափարը, փոքրիկների իմունային համակարգի ամրապնդումն էլ կարևորելով՝ տարածքում աղի սենյակ է բացվել։

Խմբասենյակներ, կինոդիտման սրահ, բուժկետ, խաղասենյակներ, բատուտ, լողավազան, աղի սենյակ, սպորտդահլիճ, բակային տարածք․ եթե այլ մանկակրթարաններում պարապմունքներն իրականացնում են դաստիարակները, ապա այստեղ համալիր ծառայություններ մատուցողները նեղ մասնագետներ են։

Մանկակրթարան կարող են հաճախել 1-6 տարեկան երեխաները․ եթե ձեր բալիկը 1 տարեկան է ու քայլում է՝ ապա նրան սիրով կընդունեն կրթադաստիարակչական այս կենտրոնում, որտեղ մեծապես կարևորվում է հայեցի դաստիարակությունը, որի նպատակով սաներին շաբաթական 3 անգամ ազգային երգի ու պարի դասեր են մատուցվում։

Մանկակրթարանի մեթոդիստ Ալա Աբովյանի խոսքով՝ այստեղ անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր երեխայի, և տրվող նյութը հասանելի են դարձնում յուրաքանչյուրին՝ հաշվի առնելով վերջինի նախասիրությունները, ուժեղ և թույլ կողմերը։

Ալա Աբովյանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

«Այսօր Երևանում մի լավ միջոցառում ունենք, մանկապարտեզ է բացվում, հիանալի մանկապարտեզ է, նորարար, և կարծիք կա, որ տարածաշրջանում սա լինելու է ամենալավ մանկապարտեզներից մեկը»,-«Մանկության Ակադեմիա» մանկակրթարանի պաշտոնական վերաբացման միջոցառմանն իր ողջույնի խոսքում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ զարգացման միակ ճանապարհը կրթության մեջ է և կրթությունը սկսվում է մանկապարտեզից։

Հրաչյա Սարգսյանը, նշելով, որ սա ոչ միայն տարածք է մանկապարտեզի համար, այլև հնարավորություններ է՝ երեխաների զարգացման համար, շեշտեց, որ համայնքը մանկապարտեզի լավ փորձը կներդնի համայնքապատկան մանկապարտեզներում։

Մանկակրթարանի համահիմնադիր մասնագիտությամբ օտար լեզուների մասնագետ, մանկավարժ Նարե Ներկարարյանը «Ռադիո Վան»-ի հետ զրույցում շեշտեց, որ նշաձող են սահմանել հարել միջազգային չափորոշիչներին՝ կիրառելով միջագային և ավանդական լավագույն փորձը։

«Մանկության Ակադեմիա»-ի հիմնադիրները չեն շրջանցել նաև սոցիալական բաղադրիչը․ տեղական և միջազգային կառույցների հետ համագործակցությամբ կրթադաստիարակչական գործընթացին մասնակցելու հնարավորություն կընձեռեն 44-օրյա պատերազմից և «Սուրմալու»-ի դեպքից տուժած ընտանիքների 10 երեխայի։

Նարեն ուրախությամբ շեշտեց, որ «Մանկության Ակադեմիա»-ում այսօր վերապատրաստվում են նաև այլ նախադպրոցական հաստատությունների մանկավարժներ, օգնականներ, մեթոդիստներ, տնօրեններ։

Այս պահին 30-ից ավելի աշխատակից ունեցող մանկակրթարան է հաճախում 25-30 երեխա։ Հաստատությունն աշխատում է կեսօրյա և ամբողջօրյա գրաֆիկով։ 08։30-13։00-ն ընկած ժամանակահատվածն ընդգրկող կեսօրյա ուսուցման ամսական վճարը 200 հազար դրամ է, իսկ 08։30-18։30-ի ամբողջօրյա ուսուցմանը՝ 290 հազար դրամ։

Ի դեպ ծնողները, որոնց բալիկները արդեն հասցրել են հաճախել նախակրթարան՝ վարձավճարը արդարացված են համարում։ Այդ մասին «Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց 4-ամյա դստեր՝ Միլայի նախադպրոցական կրթությունը «Մանկության Ակադեմիա»-ին վստահած Ռենե Բաբումյանը։

Նրա հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք, որ կրթարանի պաշտոնական բացմանը ներկա բոլոր բալիկները ոչ միայն մասնակիցը դարձան տոնական գեղեցիկ շոուների ու համեղ հյուրասիրության, այլև հեռացան տարածքից՝ գունեղ ու փամփլիկ նվերներով։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть