Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, համոզմունք հայտնելով, որ ապատեղեկատվությունը, ուղղորդված տեղեկատվական գրոհները չափն անցել են, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի քանի փաստ:
Ըստ որոնց՝
«-Օգոստոսի կեսերին Աղավնոյի էլեկտրականությունն անջատվել էր Բերձորի ենթակայանից, Աղավնոն և Բերձորը սկսել էին էլեկտրաէներգիա ստանալ Ստեփանակերտից եկող գծով: Օրեր անց բռնկված հրդեհը վառել էր էլեկտրագծի սյուները, ոչնչացրել նոր քաշած գիծը:
-Բերձորում թալանվել էր տրանսֆորմատորների յուղը:
-Բերձորում բռնկված հրդեհը լուրջ սպառնալիքներ է ստեղծել ՀՀ-ից Արցախ եկող բարձավոլտ էլեկտրագծի համար:
-Աղավնոյի հատվածում թալանվել է օպտիկամանրաթելային մալուխը, ինչի պատճառով որոշ ժամանակ Արցախն առանց ինտերնետի էր:
-Մետաղի ջարդոն գողացողների կողմից թալանվել, ոչնչացվել էին կապի աշտարակները:
Մենք և այլ պետական մարմիններ ևս կոչ ենք արել չհրդեհել տները, չքանդել, չթալանել ենթակառուցվածքները: Պետական կառույցներն ավելի շատ ինֆորմացիայի են տիրապետում և որոշումներ ընդունելիս ավելի շատ հանգամանքներ են հաշվի առնում, քան ֆեյսբուքյան ակտիվիստները: Եթե որոշումներն այդպես են ընդունվել, ուրեմն պետք է կատարվեն: Ցավոք, տեղեկատվական տեռորը զգալիորեն թուլացրել է պետական կառույցների մարտահրավերներին արձագանքելու ունակությունը (սա մեր կառավարման համակարգի թերություններից է):
Եվ արդյունքում ստացվում է այնպես, որ ինչ-որ դասալիք ՛՛ակտիվիստ՛՛ կարող է նստել տաքսի, գալ Աղավնո կամ Բերձոր, հրդեհ հրահրի կամ հրդեհի տուն/տարածք, թողնի գնա, ու ինքն ավելի հայրենասեր լինի, քան պետական կառույցների աշխատակիցները, որոնք մտածում ու գործում են ենթակառուցվածքների անխափան գործունեության համար, իրենց ընտանիքներով ապրում են Արցախում, մասնակցել են պատերազմին և ամեն օր առնչվում են անվտանգային խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունելուն կամ կատարելուն:
Փաստերը, հանգամանքները վերլուծելու ունակության բացակայությունը սոցիալական ցանցերի մեր օգտատերերին կամ թե ակամա դարձրել են Արցախի պետական կառույցների դեմ մղվող տեղեկատվական պատերազմի զինվորներ:
Մեր օրերում, երբ տեղեկատվությունը բազմազան է, մեծ դեր ունեն ապատեղեկատվությունը և մանիպուլյացիաները, հեղինակությունները դադարում են գոյություն ունենալ: Նույնիսկ օրուգիշեր կենսական հարցեր լուծող անձինք կարող են ոչնչացվել ապատեղեկատվական գրոհի հետևանքով: Նման պարագայում միակ ելքը պետական կառույցների կարողություններն ուժեղացնելն է, պետական կառույցների դիրքն ամրապնդելը: Այս կառույցների դեմ պատերազմը, ինչին ականատես ենք լինում այս օրերին, Արցախում կազմակերպչական ամենամեծ ներուժ ունեցող ուժի (պետական կառույցների) դեմ պատերազմ է»:
https://www.facebook.com/hayk.khanumyan/posts/pfbi...
Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին Աղավնոյի բնակիչների հետ հանդիպմանը Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը տեղեկացրել էր, որ մինչև օգոստոսի 25-ը նրանք պետք է հեռանան գյուղից։ Գյուղի հրատապ տարհանման հարցն օրակարգ բերվեց, երբ շփման գծի լարվածության ֆոնին Արցախի նախագահը հայտնել էր, որ Ադրբեջանը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել Հայաստան-Արցախ երթևեկությունը Լաչինի փոխարեն առաջիկայում նոր երթուղով կազմակերպել։ Թեև նշենք՝ ՀՀ արտգործնախարարությունը տարածած հաղորդագրությամբ՝ անթուլյատրելի էր համարել Բաքվի այդ պահանջը՝ ընդգծելով, որ փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը։ ԱԳՆ-ն վերահաստատելով, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած երեք երկրների ձևաչափով հաստատված պլանի համաձայն, հայտնել էր, որ նման պլան մինչ օրս չկա։Հայտարարության համաձայն, հստակեցրել էր արտգործնախարարությունը, 2020-ի նոյմեբերին ստորագրած հայտարարությանը հաջորդող երեք տարվա ընթացքում պետք է որոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար։
Ինչևէ, փաստ է, որ կա տարհանման հրահանգ, միջանցքը փակվելուց հետո Բերձորը, Աղավնոն հայտնվում են ադրբեջանական շրջափակման մեջ։