Հուլիսի28-ին ,ժամը 16:50-ին, Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ. Շահնազարյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 11:45-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով վնասվել է իր առանձնատան երկրորդ հարկի խոհանոցի պատուհանը և մուտքի դուռը։
Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության (ԱՀ) ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանությունը՝ նշելով, որ վերջինիս տան բակում հայտնաբերվել է նաև7.62 մմ տրամաչափի կրակված 8 գնդակ:
Վնասի չափը պարզվում է:
Հիշեցնենք՝ հայկական կողմը երեկ հաղորդեց թե՛ հայ-ադրբեջանական սահմանին և թե՛ Արցախում ադրբեջանական կրակոցների մասին։
Նախ, Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացրեց, որ ադրբեջանական զինուժը կեսօրին մոտ շուրջ 20 րոպե անկանոն կրակ է բացել Արցախի երկու գյուղերի ուղղությամբ, ապա՝ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) մարտական դիրքերի ուղղությամբ, ավելի ուշ էլ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ կրկին կեսօրին ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են նաև հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ։ Ընդգծվել էր, որ հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Տուժածներ չկան։