«Այո, քաղաքապետը ճիշտ համոզմունք է հայտնել, քաղաքը պետք է շուտ արթնանա, բայց այդ համոզմունքը հայտնելուց առաջ նույն քաղաքապետը թող մտածի, որ տրանսպորտը ո՛չ առավոտ շուտ է լավ աշխատում, ո՛չ էլ՝ երեկոյան ժամերին։ Քաղաքապետը թող մտածի տաքսիների գները կարգավորելու մասին, որ, կարող է պատահի, Քոչարից մինչև շրջանային տանեն՝ այստեղից մինչև Դիլիջան հասնելու գներով։ Քաղաքապետը այդ հանձնարարականը տալուց առաջ շատ բաների մասին պիտի մտածի, այ, էդ բոլոր հարցերը կարգավորելուց հետո միայն, ես կարող եմ ասել, որ նրա որոշումը ճիշտ է»,-այդ մասին «Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց անցորդներից մեկը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետի՝ օրեր առաջ տված հանձնարարականին։
Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ այսուհետ առավոտյան 07:00-ից, յուրաքանչյուր ժամը մեկ, Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը միաժամանակ կհնչի նաև 12 վարչական շրջաններում:
«Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի»,-գրել էր քաղաքապետը:
Նույն օրը Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում արված հրապարակմամբ տեղեկացվեց, որ Երևանի հիմնի ղողանջների ներքո տեղական ժամանակն ազդարարող համակարգը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ տեղադրվել է բոլոր թաղապետարաններում:
Միաժամանակ նշվել էր, որ օրվա ժամին ու օդի ջերմաստիճանին այսուհետ քաղաքացիները կարող են ծանոթանալ նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքին տեղադրված նոր LED էկրանից:
Շետվել էր, որ նախկին համակարգն այլևս չէր գործում և վերականգնման ենթակա չէր, ու որ՝ աշխատանքի ու հանդիպման շտապող քաղաքացիների համար սա երևանյան կոլորիտը վերադարձնելու ևս մեկ նախաձեռնություն է:
Այս նախաձեռնությունների վերաբերյալ, ահա, մեր համաքաղաքացիների կարծիքները թե՛ դրական են, թե՛ բացասական։
«Ոչ մի վատ բան չեմ տեսնում, հատկապես, երաժշտությունը շատ հաճելի է»,-երևանյան փողոցներում «Ռադիո Վան»-ի հարցախույզի ժամանակ ասաց անցորդներից մեկը։
«Վերևից գալիս եմ՝ մի հատ աղբաման չկա, որ սիգարետը գցեմ, ձեռս բռնած իջնում եմ․ էդ մանր հարցերը պիտի լուծենք, որ մեծերն էլ կամաց-կամաց լուծենք»,-նկատեց մի տարեց։
Հարցմանը մասնակցած անցորդների կարծիքները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան