Ռուսաստանը Հայաստանին կապիկի ծաղիկի ախտորոշման թեստեր է փոխանցել - RadioVan.fm

Онлайн

Ռուսաստանը Հայաստանին կապիկի ծաղիկի ախտորոշման թեստեր է փոխանցել

2022-07-27 14:48 , Общество, 1036

Ռուսաստանը Հայաստանին կապիկի ծաղիկի ախտորոշման թեստեր է փոխանցել

Ռուսաստանը կապիկի ծաղիկի ախտորոշման թեստեր է փոխանցել ԱՊՀ մի քանի երկրների, այդ թվում՝ Հայաստանին:

«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ տեղեկացրել են «Ռոսպոտրեբնադզոր»-ից։

«Ռուսաստանը Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին է հանձնել «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի կողմից արտադրված կապիկի ծաղիկի հայտնաբերման թեստային համակարգեր»,-նշել են գերատեսչությունից, որն ավելի վաղ հայտնել էր, որ «Վեկտոր» կենտրոնը օպերատիվ կերպով արտադրել է թեստեր՝ հիվանդության դեպքերը հայտնաբերելու համար։

Նշենք՝ կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն): Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին: Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:

Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:

Վարակի փոխանցումը մարդուց մարդ հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումը օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով:

Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, ովքեր ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղկի ախտաշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ:

ՀՀ-ում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպքի մասին հայտնի չէ, բայց, հիմք ընդունելով վերջին շաբաթներին աշխարհում տարածվող «կապիկների ծաղիկ» զոոնոզ հիվանդության դեպքերը, հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2022 թվականի մայիսի 28-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 28-ը արգելվել է Հայաստանի Հանրապետության տարածք պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը, Եվրասիական տնտեսական անդամ մի պետությունից Հայաստան տեղափոխումը և երկրի տարածքով տարանցիկ փոխադրումը։

Հուլիսի 25-ի դրությամբ աշխարհի 80 երկրում արձանագրվել է կապիկի ծաղկի ավելի քան 17000 դեպք, այդ թվում՝ 5 մահվան դեպք։ Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Իսպանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում:

Лента

Рекомендуем посмотреть