Անհրաժեշտ է հրատապ հայրենադարձել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, կանխել ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում համամարդկային ժառանգության մաս կազմող հայկական հուշարձանների պահպանման և վանդալիզմի շարունակվող դեպքերը․ այդ մասին երեկ՝ հուլիսի 26-ին Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ հանդիպմանը շեշտել է աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը։
ՀՀ արտգործնախարարության փոխանցմամբ՝ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծելխաղաղության համար։
Հումանիտար խնդիրների համատեքստում չեխական կողմն ընդգծել է, որ միջազգային իրավունքի և Ժնևի կովնեցիաների դրույթները պետք է պահպանվեն։
Նշենք՝ Գերիների անհապաղ վերադարձի հարցը Միրզոյանը երեկ բարձրացրել է նաև Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկիի հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպման արդյունքներով հանդես գալով համատեղ մամուլի ասուլիսով՝ Հայաստանի արտգործնախարարը ասել է․
«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից մոտ երկու տարի անց հումանիտար խնդիրները մնում են չլուծված։ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ օգտագործելով նրանց որպես քաղաքական գործիք։ Խիստ մտահոգիչ է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, պղծման քաղաքականությունը։ Այս առումով միջազգային հանրությունից ակնկալում ենք հասցեական արձագանք և գործնական քայլեր»։