«Չորս մարզերում պարեկային ծառայություն հիմնելու համար ոստիկանությունը նախատեսում է ձեռք բերել 175 ավտոմեքենա։ Դեռ մայիսին հայտարարված ավտոմեքենաների գնման մրցույթը չէր կայացել, քանի որ մասնակիցներ չէին եղել, որից հետո ոստիկանությունը դիմել է հանրահայտ ավտոապրանքանիշերի հայաստանյան 5 պաշտոնական ներկայացուցիչների, որոնցից միայն «Տոյոտա Երևան»-ն է, որ պատրաստ է եղել պահանջվածբնութագրով ու նշված ժամկետներում մեքենաներ մատակարարել։ Մեքենաները ձեռք կբերվեն «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից» ընդհանուր առմամբ 3,1 միլիարդ դրամ արժեքով»,-այդ մասին կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը՝ անդրադառնալով Երևանի, Լոռու ու Շիրակի մարզերի օրինակով Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում ոստիկանության պարեկային ծառայությունների ստեղծմանը։
Ի լրում, Փաշինյանն ասել, որ այս հարցը կարող էր լինել չզեկուցվող հարցերի թվում, բայց քանի որ զգայուն վերնագրեր կան, դրա համար որոշվել է այն զեկուցել։ Բացի այդ, Փաշինյանն ասաց, որ բոլոր հարցերը, հատկապես մեքենաների, քննարկվում են ոստիկանության հարցերով բարեփոխումների խմբում, որտեղ կառույցների ղեկավարներ են և քաղհասարակության ներկայացուցիչներ։
«Օրինակ, Շիրակում ու Լոռիում պարեկային ոստիկանության ներդրման ժամանակ շատ էին քննարկվում ավտոմեքենաների տեխնիկական բնութագրերը։ Շուկայում ավտոմեքենաների դեֆիցիտ կա, ու մենք հրավիրել ենք Հայաստանում գործող ընկերությունների ներկայացուցիչների, ասվել է, որ մեզ պետք են այս պարամետրերով մեքենաներ։ Մյուս ընկերությունները անձանագրել են, որ մեր առաջարկած ժամկետներում չեն կարող մատակարարել մեքենաներ։ Մեքենաներ կարող է բերել «Տոյոտա Երևան» ընկերությունը, բայց չի կարող բերել հենց այն մեքենաներից, որոնք բերվել են Լոռիում ու Շիրակում, դրա համար օրինակ համաձայնել էինք սև գույնի մեքենաների, ինչպես Շիրակում և Լոռիում է, այնինչ սկզբում որոշում կար, որ պարեկային ծառայության բոլոր մեքենաները պետք է լինեն սպիտակ»,-հավելել է նա։