Անկարան Հայաստանից կոնկրետ քայլեր է սպասում երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք դեռ կոնկրետ քայլեր չենք տեսել Հայաստանից։ Ժամանակն է, որ Փաշինյանի գլխավորած վարչակազմը դրական քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։ Միայն խոսքերը բավարար չեն»,-ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ասել է Չավուշօղլուն TRT հեռուստաալիքի եթերում։
Հիշեցնենք՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին՝ չորրորդ հանդիպման ժամանակ, հուլիսի 1-ին՝ Վիեննայում, կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, ու հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։
Հուլիսի 11-ին առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները։ Փաշինյանն ու Էրդողանը շնորհավորել են միմյանց Կուրբան Բայրամի և Վարդավառի կապակցությամբ: Պաշտոնական հաղորդագրությունում նշվել էր, որ կողմերը խոսել են հայ-թուրքական կարգավորման մասին՝ հույս հայտնելով, որ արագ կյանքի կկոչվեն հատուկ բանագնացների վերջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները։
որոշվել է երրորդ երկրների քաղաքացիների համար հնարավորինս շուտ ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը և սկսել բեռների ուղիղ օդային փոխադրումները Հայաստանի և Թուրքիայի միջև։