ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանցագործության կանխման ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար ՀՀ քաղաքացի Արայիկ Անանյանին պարգևատրել է շնորհակալագրով:
Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2022թ.-ի հունիսի 17-ին: Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Բաբաջանյան փողոցից «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել Թ. Գասպարյանը: Պարզվել է, որ հասարակական տրանսպորտի կանգառում Մ. Մկրտչյանը մոտեցել է կնոջը՝ Թ. Գասպարյանին, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել նրա հետ, և ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքով բռնել Թ. Գասպարյանի պարանոցից, ասել, որ կսպանի, դանակով հարվածներ հասցրել պարանոցին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքին ականատես Արայիկ Անանյանի միջամտությամբ, հանցագործության գործիք համարվող դանակը Մ. Մկրտչյանը թողել է դեպքի վայրում և դիմել փախուստի: Այնուհետև, տուժած կնոջը օգնություն է ցուցաբերվել: Դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում՝ Մ. Մկրտչյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարևորել է քաղաքացի Արայիկ Անանյանի այդ քայլը, դեպքին անմիջական մասնակցությունը, ինչի շնորհիվ հաջողվել է կանխել հանցագործությունը և փրկել կնոջ կյանքը:
Դավթյանը, միաժամանկ, ընդգծել քաղաքացիների աջակցության կարևորությունը թե՛ հանցագործությունների կանխման, թե՛ բացահայտման գործում: