Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում կարևոր քայլ է դեպի համապարփակ լուծում:
Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական միության (ԵՄ) արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Ողջունում եմ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում: Սա կարևոր քայլ է դեպի համապարփակ լուծում։ Եվրամիությունը լիովին աջակցում է խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասին։ Կարգավորմանը/հաշտեցմանը կարելի է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով»,-գրել է դիվանագետը։
Welcome the meeting between @AraratMirzoyan and @bayramov_jeyhun in Tbilisi. Important step towards the comprehensive solution. EU is fully engaged in support of peaceful, secure and prosperous South Caucasus. Normalisation/Reconciliation can be achieved only in direct dialogue.
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) July 18, 2022
Հիշեցնենք՝ հուլիսի 16-ին Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
ՀՀ արտգործնախարարությունից հայտնել էին, որ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։