«Պարտավորվում եմ կատարել Զինված ուժերի առջև դրված խնդիրները»․ ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետը՝ բարձրագույն սպայակազմին - RadioVan.fm

Онлайн

«Պարտավորվում եմ կատարել Զինված ուժերի առջև դրված խնդիրները»․ ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետը՝ բարձրագույն սպայակազմին

2022-07-18 17:10 , Политика, 1134

«Պարտավորվում եմ կատարել Զինված ուժերի առջև դրված խնդիրները»․ ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետը՝ բարձրագույն սպայակազմին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինված ուժերի (ԶՈւ) բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի (ԳՇ) նորանշանակ պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանին:

Փաշինյանը հաջողություն մաղթելով պարոն Ասրյանին այս կարևորագույն պաշտոնում իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին՝ հիշեցրել է «Պաշտպանության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի մասին, որոնց ընդունման դեպքում ԶՈւ ԳՇ պետը կլինի ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցին՝ վերջին վեց ամիսների ընթացքում Գլխավոր շտաբի պետի պարտականությունները կատարելու համար:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Էդվարդ Ասրյանն էլ, իր հերթին, նշել է, որ Զինված ուժերի գերակա խնդիրն է հանդիսանում պետության ռազմական անվտանգության ապահովումը։

«Ուստի՝ ստանձնելով այս պատասխանատու պաշտոնը, նաև համարելով, որ շտաբը հանդիսանում է կոլեգիալ մարմին, իսկ Գլխավոր շտաբի պետը Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, մենք Գլխավոր շտաբում կաշխատենք կոլեգիալ սկզբունքներով՝ միանշանակ Գլխավոր շտաբի պետի որոշմամբ և առաջարկներ կներկայացնենք Պաշտպանության նախարարին: Այդ պատասխանատու պաշտոնում, մեծարգո պարոն վարչապետ, պարտավորվում եմ կատարել բոլոր նախատեսված գործառութային պարտականությունները և կատարել Զինված ուժերի առջև դրված խնդիրները»,-ասել է նա։

Այնուհետև վարչապետը խոսքը փոխանցել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ով իր հերթին ասել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ,

պարոնայք գեներալներ, սպաներ,

թույլ տվեք շնորհավորել Գլխավոր շտաբի պետին՝ պարոն Ասրյանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակվելու կապակցությամբ, մաղթել բեղուն գործունեություն: Շնորհակալություն եմ ուզում հայտնել Գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցին՝ վերջին շրջանում Գլխավոր շտաբի պետի պարտականությունները պատվով կատարելու համար»:

Այնուհետև, ըստ ձևավորված ընթացակարգի, տեղի է ունեցել ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈւ ԳՇ նորանշանակ պետ Էդվարդ Ասրյանին է հանձնել ԶՈւ ռազմադրոշը:

Նշենք՝ 2021թ. մայիսի 21-ից ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետ տեղակալի պաշտոնը զբաղեցրած Էդվարդ Ասրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին հրամանագիրը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել էր հուլիսի 14-ին։

ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը թափուր էր 2022թ-ի փետրվարի 24-ից․ այդ օրը Արտակ Դավթյանը երկրորդ անգամ ազատվեց ԳՇ պետի պաշտոնից։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։

Лента

Рекомендуем посмотреть