Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին:
Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Փաշինյանը նշել է, որ պարոն Նարիշկինի այցը ևս մեկ լավ հնարավորություն է քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի փոխգործակցությունը դարձնել առավել արդյունավետ ու ամուր:
Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության փաստը, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:
Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Հիշեցնենք՝ հուլիսի 15-ին էլ հաղորդվել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին, քննարկել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր, նաև անդրադարձել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: