Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այսօր Բաքվում հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի լայն փոխանակում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, հաղորդակցությունների բացման, ականների խնդրի, Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների թեմաների շուրջ»,-հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևը նաև խոսել է Բրյուսելում կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորության մասին։
Նշենք՝ Տոյվո Կլաարը Բաքու է մեկնել Երևանից, որտեղ հուլիսի 13-14-ին մի շարք հանդիպումներ էր անցկացրել, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։