«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա»,-այդ մասին ասել են պետքարտուղարության մամլո ծառայությունից՝ պատասխանելով հայ և թուրք առաջնոդների հեռախոսազրույցի ու երկրների միջև ընթացող երկխոսության մասին «Ամերիկայի ձայն»-ի հարցմանը։
Վաշինգտոնը նաև պատրաստակամութուն է հայտնել «աջակցելու այս կարևոր երկխոսությանը այնպես, ինչպես երկու կողմերը կհամարեն պատշաճ»։
«Հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի՝ մեծացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը և հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման, որը շահավետ է բոլորի համար»,-ընդգծել են ԱՄՆ պետքարտուղարությունից։
«Այն,-ընդգծել են ԱՄՆ վարչակազմից,-հատկապես կարևոր է այսօր՝ հաշվի առնելով Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում»։
Հիշեցնենք՝ 2 օր առաջ՝ հուլիսի 11-ին, առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները։
Փաշինյանն ու Էրդողանը շնորհավորել են միմյանց Կուրբան Բայրամի և Վարդավառի կապակցությամբ: Պաշտոնական հաղորդագրությունում նշվել էր, որ կողմերը խոսել են հայ-թուրքական կարգավորման մասին՝ հույս հայտնելով, որ արագ կյանքի կկոչվեն հատուկ բանագնացների վերջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները, այն է՝ հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, ու հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։