Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ)՝ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը տարածել է հայտարարություն Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկի վերաբերյալ։
Հայտարարությունում, մասնավորապես ասված է․
«Հաշվի առնելով Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մեծ արձանի շինարարության մեկնարկի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկատվությունը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը հայտնում է հետևյալը.
1. Հատիս հրաբուխը, որի բարձրությունը ծովի մակարդակից 2529մ է,Հայաստանի տարածքի չորրորդականհասակի 14 ռիոլիտային գմբեթաձև հրաբուխներից մեկն է։ Հրաբխային ակտիվության առաջին փուլում ժայթքել է ռիոլիտային կազմի պիրոկլաստիկ նյութ, որին հետևել են օբսիդիանների և դացիտային լավային հոսքեր։ Լավաների վերջին մածուցիկ զանգվածները խցանել են հրաբխի խառնարանը և առաջացրել գմբեթաձև կառույց կամ հրաբխային նեկկ։ Տարբեր աշխատություններում առկա են Հատիսի հրաբխային գործունեության հասակագրումներ, որոնք 0,38-0,66 մլն տարի միջակայքում են և համապատասխանում են միջին պլեյստոցենին։ Միջին պլեյստոցենի վերջում, ուշ պլեյստոցենի սկզբում Հատիսի լանջերին առաջացել ավելի փոքր հրաբուխներ և ճեղքեր, որոնցից արտավիժել են բազալտային անդեզիտային կազմի լավային հոսքեր։ Հատիս հրաբխի լանջերին առկա են հրաբխային ապակու (օբսիդիանի կամ վամակատի) բազմաթիվ ելքեր և լավային հոսքեր։
ՀՀ տարածքում առկա են շուրջ 550 չորրորդական հասակի հրաբուխներ, որոնցից 14-ը ռիոլիտային կազմի գմբեթաձև հրաբուխներ են և որոնց կառուցվածքում առկաեն օբսիդիանից կազմված լավային հոսքեր։ Կից նկարներում ներկայացված են Հատիս հրաբուխը՝ նկարված հարավից, օբսիդիանների մերկացումները լեռան լանջերին և ՀՀ ԳԱԱ Հրաբխագիտության լաբորատորիայի կողմից կազմված Հատիս ու Գութանսար հրաբուխների երկրաբանական քարտեզը (պայմանական նշանները բերված չեն)։
2. Բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 2008 թվականի 14 օգոստոսի N 967-Ն որոշմամբ Հատիս լեռը ճանաչվել է երկրաբանականհուշարձան «Հատիս հրաբուխ» անվանումով, որի տարածքում շինարարական և հողային աշխատանքներն օրենքով արգելված են։ ՀՀ օրենսդրությամբ ցանկացածշինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ են թույտվություն, մանրակրկիտ ինժեներա-երկրաբանական հետազոտություններ, սեյսմիկ միկրոշրջանացում, խոշոր և կարևոր կառույցների դեպքում՝ նաև հատուկ սեյսմիկ վտանգի գնահատում։
Հաշվի առնելով, որ սույն թվականի հուլիսի 9-ին տրվել է շինարարական աշխատանքների հանդիսավոր մեկնարկը և մամուլի կողմից տարածված լուսնկարներում և տեսանյութերում բնական հուշարձան հանդիսացող Հատիս լեռան գագաթին արդեն իսկ իրականացվել են հողային աշխատանքներ և ճանապարհաշինարարություն, ինչպես նաև հարցի հասարակական լայն հնչեղությունը, անհրաժեշտ ենք համարում, որ վերոնշյալ հետազոտությունների արդյունքները և շինարարության թույլտվությունը հրապարակվեն և դառնան հասանելի անկախ փորձաքննության համար»։
Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքը Փրկչի արձանը տեղադրելու մտադրության մասին հայտարարեց այս տարվա հունվարին։
Մայր Աթոռը ընդունելի չէր համարել Ծառուկյանի՝ Քրիստոսի արձանի տեղադրման նախաձեռնությունը՝ հորդորելով զերծ մնալ եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից:
Հուլիսի 7-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ «Մուլտի գրուպ» ընկերության նախագահի՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել է կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել էր, որ փրկչի արձանի նախագիծը նախնական դրական են գնահատում, քանի որ կարծում են, թե այն Հայաստանի Հանրապետության նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրությունն էական կմեծացնի:
Հուլիսի 9-ին, ահա, տրվեց արձանի շինարարության մեկնարկը:
Հիմնարկեքին հաջորդեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարությունը, որով գերատեսչությունը պահանջել է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը։
Շրջակա միջավայրի նախարարությունն էլ երեկ՝ հուլիսի 11-ին, հայտնեց, որ, «ընդառաջ գնալով մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգություններին՝ հիմնադրամի կողմից արձանի շինարարությունն այս պահին կասեցված է, դրանք կմեկնարկեն միայն պատկան մարմինների կողմից շինարարական աշխատանքները սկսելու համար համապատասխան մասնագիտական և փորձաքննական եզրակացություններն ու թույլտվություններն ստանալուց հետո»։
Միաժամանակ տեղեկացվեց, որ «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրման տեղադիրքի ընտրության վերաբերյալ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել։
Հավելենք՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն իր հերթին հայտնեց, որ մասնագիտական եզրակացության ստացման համար դիմել է լիազոր մարմնին։