Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
«Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն»,-ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ հուլիսի 7-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի Վիեննայում կայացած չորրորդ հանդիպմանը՝ հանձնարարելով Թուրքիայի հետ կոորդինացված աշխատել՝ ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորինս շուտ իրագործելու նպատակով։