Ուզու՞մ եք հայտնվել Մատրիցայում, լինել գերմանացի տեսաբան ֆիզիկոս Էյնշտեյնի ուշադրության կենտրոնում, զգալ Չապլինի ֆիլմերում կիրառված դանդաղեցված կադրի էֆեկտը, գլխիվայր շրջվել, «զոհասեղանին» տեսնել որևէ մեկի կամ հենց ձեր գլուխը, նստել Բուշեի աթոռին ու անհավանական փոքր երևալ, կամ հայտնվել սենյակներից մի անկյունում ու ավելի բարձրահասակ դառնալ, ականատեսը դառնալ՝ ինչպես են Նյուտոնի գունավոր սկավառակից անհետանում գույները, կառավարել ֆիզիկոս գյուտարար Նիկոլա Տեսլայի պլազմային գնդի լուսային ճառագայթները, համոզվել, որ ստվերները միայն սև չեն լինում, իսկ Գյումրիի՝ ավելի քան 300 լուսանկարից ստեղծված համայնապատկերից հեռանալով էլ՝ արժանանալ սիրված դերասան Ֆրունզիկի բարի ժպիտին․ այս անհավանական ու կախարդական թվացող ցանկություններն այսօր կարող են իրականանալ երկու ընկերոջ հիմնած զարմանահրաշ «մոլորակի» շնորհիվ։
Մասնագիտությամբ տնտեսագետ Գրիշա Ամիրխանյանը և ճարտարագետ Մեսրոպ Հակոբյանը արտերկրում իլյուզիաների թանգարաններ այցերից ու ստացած վառ տպավորություններից հետո տարիներ առաջ ունեցած հանդիպմանը մտածել են՝ ինչու՞ այդ ամենը չունենալ սեփական երկրում։
Հայաստանում առաջին իլյուզիաների թանգարան բացելու միտքը ծագել է 2020 թվականին, սակայն իրականացումը ձգձգվել է կորոնավիրուսային հիվանդության համավարակի պատճառով։
Գաղափարից ծնունդ ընկած ճանապարհին տղաներին ոգևորել են ընտանիքի անդամները, ապա՝ Հայաստանի հյուսիսային մարզերի համար հայտարարված «Եվրոպական միությունը բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում» դրամաշնորհային ծրագիրը (EU4B ITTD), որն էլ թանգարանի տեղակայման վայրի ընտրության հարցում վերջակետ է դրել տղաների ունեցած՝ «Երևանու՞մ, թե՞ Գյումրիում» երկմտանքին։
Ընտրվել է Գյումրին․ Երևանում բնակվող ընկերները գաղափարն իրականություն դարձնելու համար հանդիպել են տարբեր երկրներում գործող իլյուզիաների թանգարանների հիմնադիրների հետ, ծանոթացել են նրանց փորձին, ապա մշակել են իրենց տարբերակը՝ համադրված հայկականի ինքնատիպ տարրերով։
«Առանց Ֆրունզի թանգարան ունենալը՝ անպատկերացնելի էր։ Շատ ենք տանջել մեր վարպետներին՝ աշխատելով նրանց հետ միասին բոլոր ցուցանմուշների վրա։ Էքսպոնատներ ունենք, որ պատվիրել ենք Ռուսաստանից, Անգլիայից, Ամերիկայից և այլ երկրներից։ Դժվարությունները շատ են եղել, բայց արդյունքը մոռացնել է տալիս դրանք։ Մենք գոհ ենք մեզանից»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշեցին թանգարանի հիմնադիրները, որոնք վստահ են՝ 340մ² տարածքում այցելուներին զարմացնող, զվարճացնող, շփոթեցնող ու կրթող 50 ցուցանմուշ ներառող Իլյուզիաների թանգարանը դառնալու է կոլորիտային Գյումրիի բազմաթիվ այցեքարտերից մեկը։
Թանգարանի հիմնադիրների հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Նշենք՝ թանգարանն այցելուների առաջ դռները բացել է այս տարվա հունիսի 11-ին, սակայն պաշտոնական բացումը կայացավ այսօր՝ հուլիսի 6-ին։
«Իհարկե, էս թանգարանով Գյումրիին չես զարմացնի, Գյումրին էս 30 տարի իլյուզիաներով է ապրում»,-կես կատակ, կես լուրջ ասաց պաշտոնական բացման միջոցառմանը ներկա Գյումրիի փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը՝ միաժամանակ փաստելով, որ Գյումրին վերջին 4 տարիներին դարձելէ զբոսաշրջության քաղաք ու որ՝ այս թանգարանը քաղաքը ճանաչելի կդարձնի մեկ այլ ոլորտում ևս։
Փոխքաղաքապետի վստահեցմամբ՝ Գյումրիից սկսվող նախաձեռնություններն ավելի լավ են ստացվում։
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) (այս ընկերության համաֆինասավորմամբ է իրականացվել Եվրամիության վերոնշյալ ծրագիրը) տուրիզմի փորձագետ Արմինե Իսրայելյանն էլ անկեղծացավ՝ 2 տարի առաջ նորորար զբոսաշրջության դրամաշնորհային ծրագրի հայտարարումից առաջ անհանգիստ են եղել, թե այդ անվան տակ ի՞նչ պրոդուկտ են ունենալու և այսօր շատ ուրախ են, որ աշխարհում քիչ թե շատ հայտնի նորարար զբոսաշրջությունը Հայաստանում արդեն իրականություն է։
«Իլյուզիաների թանգարանը Հայաստանում իրականացված մեր 55 նախագծերից մեկն է՝ լավագույնը»,-շեշտեց տիկին Իսրայելյանը։
Թանգարանի պաշտոնական բացմանը ներկա բոլոր-բոլորը՝ մեծից փոքր, լի էին ոգևորությամբ։ Զարմանք, հիացմունք արտահայտող փայլփլուն աչքերով նրանք վեր ու վար էին անում երկհարկանի թանգարանում, բացահայտում իրականության ու խաբկանքի, անշարժ ու թվացյալ շարժվող երևույթների էությունը, լուսանկարվում՝ երևակայության թռիչքով։
Թանգարանի բացման պաշտոնական արարողության մանրամասները՝ տեսանյութում։
Հավելենք՝ թանգարանի ցուցանմուշներին կից փակցված իրազեկման ցուցանակները եռալեզու են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Հիմնադիրներն, անգամ, հատուկ նշումներով տեղորոշել են այն կետերը, որտեղ կանգնելով՝ այցելուն կարող է տեսողական պատրանքների լավագույն լուսանկարը ստանալ։
Թանգարանի աշխատաժամերի, մուտքի վճարի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան