Онлайн

Դուք առավելագույնն եք ուզում, դուք անհնարինն եք ուզում. Սարգսյանն ի պատասխան Սեյիդովի

2018-01-24 19:23 , Политика, 537

Դուք առավելագույնն եք ուզում, դուք անհնարինն եք ուզում. Սարգսյանն ի պատասխան Սեյիդովի

«Այսօր բանակցային գործընթացում դուք առավելագույնն եք ուզում, դուք անհնարինն եք ուզում, դուք ուզում եք Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ»,-այդ մասին քիչ առաջ ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում ի պատասխան Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովի հարցի՝ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Սեյիդովը հերթական անգամ ներկայացնելով Խոջալուի դեպքերի ադրբեջանական տարբերակը՝ վրդովմունքով հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Սարգսյանը չի անդրադառնում այդ դեպքերին, նրանց որակմամբ՝ ցեղասպանությանը: Ադրբեջանցին փորձեց շոշափել արցախյան 7 տարածքների «օկուպացման» հարցը:

«Այսքանից հետո Դուք դեռ փորձում եք մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը»,- Սարգսյանին դիմեց նա:

Նախագահ Սարգսյանը դիմելով Սեյիդովին, կոչ-հորդոր հնչեցրեց` մի քիչ հանդարտվել եւ իր խոսքերը չխեղաթյուրել:

«Ես այս ամբիոնից չհայտարարեցի, որ ես եղել եմ Արցախյան պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել, ես մասնակից եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին: Թե ինչո՞ւ չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որը դուք ցեղասպանություն եք համարում, շատ պարզ պատճառով, որովհետեւ այդ ցավալի իրադարձություններից հետո Այազ Մութալիբովը շատ տեղեկացված ձեւով շարադրել է փաստեր, ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները: Ցեղասպանությունը լավ բան չէ, ցեղասպանություն տանելը պատիվ չէ: Գիտե՞ք, մի միտում կա Ադրբեջանում՝ անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը: Ձեզ ինչո՞ւ է պետք մի բան անվանել ցեղասպանություն, որը չի եղել»,- նշեց Սարգսյանը:

Նախագահի ելույթի նշված թեմային վերաբերող հատվածը՝ ստորև.

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Եվրոպայի խորհրդին անդամակցելիս՝ Հայաստանը պարտավորություն ստանձնեց նաև հետամուտ լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով` շարունակելով այդ նպատակով գործադրել իր ազդեցությունը Արցախի վրա: Թեև Եվրոպայի խորհուրդը հակամարտությունների կարգավորման հարթակ չէ, այդուհանդերձ, ելնելով մեր ստանձնած վերոհիշյալ պարտավորությունից՝ հարկ եմ համարում համառոտ անդրադառնալ այս խնդրին:

Սրանից ուղիղ 30 տարի առաջ արտաքուստ կարող էր թվալ, թե ամեն ինչ հանդարտ ու խաղաղ է Արցախում: Սակայն այդ մակերեսային պատկերը խաբուսիկ էր: Մենք երբեք չէինք հաշտվել Արցախն Ադրբեջանին բռնակցելու Ստալինի որոշման հետ:

Այդ տարիների ընթացքում խիստ մտահոգ էր Արցախի ժողովուրդը, քանի որ Բաքվի իշխանություններն ամեն ինչ անում էին հայերին իրենց պատմական բնօրրանից դուրս մղելու համար: Եթե 1926 թվականի մարդահամարով հայերը կազմում էին Արցախի բնակչության գրեթե 90 տոկոսը, ապա Բաքվի այդ քաղաքականության հետևանքով 1988 թվականին՝ ընդամենը 77 տոկոսը: Ես ինքս այդ իրողություններով մտահոգված արցախցիներից մեկն եմ եղել:

1988 թվականի փետրվարին արցախցիներն ընդվզեցին Բաքվի քաղաքականության դեմ և փորձեցին խաղաղ ճանապարհով իրացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ես այդ ընդվզման առաջին շարքերում եմ եղել: Արցախի խորհրդարանը որոշում ընդունեց, մարդիկ դուրս եկան խաղաղ ցույցերի: Ադրբեջանի պատասխանը պարզապես բացասական չէր: Ադրբեջանի պատասխանն էր Արցախից հարյուրավոր կիլոմետր հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում ապրող հայերի հանդեպ կոտորած իրականացնելը: Հայերից վրեժ էին լուծում Արցախի կայացրած որոշման համար:

Կշեռքի մի նժարում խորհրդարանի որոշումը և խաղաղ ցույցն էր, մյուս նժարում՝ բռնությունն ու կոտորածը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ առնչվող յուրաքանչյուր ոք պետք է քաջ գիտակցի այս իրողությունը:

Հենց այդ պատճառով սին են հակամարտող կողմերի միջև հավասարության նշան դնելու բոլոր փորձերը: Նման հավասարեցումը կեղծ անկողմնակալություն է: Այդպիսով հավասարության նշան է դրվում Սումգայիթի ջարդարարի և նրա զոհի միջև: Այս տարի փետրվարի 27-ին մենք ոգեկոչելու ենք Սումգայիթի ջարդերի զոհերին:

Ջարդերը վերածվեցին պետական քաղաքականության և Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ, որի նպատակն էր Արցախի հայ բնակչության լիակատար բնաջնջումը: Արդարության պակասուրդի և բնաջնջման սպառնալիքի պայմաններում Արցախը չուներ որևէ այլ ելք, քան ինքնապաշտպանության դիմելը: Այստեղ ևս ես առաջին շարքերում եմ եղել և վայրկյան իսկ չեմ ափսոսում ժամանակին կատարած իմ ընտրության համար:

Հակամարտությունը կարգավորելու ժամանակը վաղուց արդեն հասունացել է: Դրա համար անհրաժեշտ է խստագույնս պահպանել հաստատված հրադադարի ռեժիմը և կատարել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ և հաղթահարի արդարության պակասուրդը: Ես այս հարցում նույնպես միշտ առաջին շարքերում եմ լինելու, որտեղ էլ որ գտնվեմ: Կողմերը պետք է միասին ստանձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատասխանատվությունը՝ գտնելով փոխզիջումային հանգուցալուծում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացն այս հակամարտության կարգավորման միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափն է։ Այս ձևաչափին բազմիցս իր աջակցությունն է հայտնել միջազգային հանրությունը, այդ թվում նաև Եվրոպայի խորհուրդը։ Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած հանձնառությունը պահանջում է հակամարտող բոլոր կողմերի համատեղ ջանքերը:

Սակայն Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստ չէ դրան: 2016 թվականի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ուղեկցվեց խաղաղ բնակչության և ռազմագերիների դեմ միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումներով: Դա ծանր հարված էր բանակցային գործընթացին, որն արթնացրեց Սումգայիթի ջարդերի մասին սոսկալի հուշերը:

Ցավոք, երբեմն այս Վեհաժողովում էլ տեղ են գտել զարգացումներ, որոնք հաշվի չեն առել նշածս իրողությունները` ջուր լցնելով նրանց ջրաղացին, ովքեր շահագրգռված չեն հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման մեջ: Վեհաժողովի բոլոր անդամներին կոչ եմ անում գիտակցել, թե ինչ բացասական հետևանքներ կարող են ունենալ անզգույշ կամ կողմնակալ ձևակերպումները Արցախում առկա առանց այդ էլ փխրուն կայունության վրա։

Պատերազմի մշտական վտանգի ներքո Արցախը շարունակում է ժողովրդա-վարություն կառուցել և խրախուսել մարդու իրավունքների պաշտպանությունը: Այս բոլոր ձեռնարկներում Հայաստանը թև ու թիկունք է լինելու Արցախին, հետևողականորեն պաշտպանելու է Արցախի շահերը և իրավունքները, նպաստելու է Արցախի անվտանգության ամրապնդմանը: Եվրոպայում չպետք է լինեն «գորշ գոտիներ», երբ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է, ինչպես իրավացիորեն նկատել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։ Հուսով եմ՝ հեռու չէ այն օրը, երբ Արցախի կողքին կկանգնի նաև այս կազմակերպությունը՝ իր ողջ փորձագիտական ներուժով: Արցախի բնակիչը դրան արժանի է և այդ իրավունքը վաղուց արդեն վաստակել է:

Մարդու իրավունքների պաշտպանությունը Արցախի իշխանությունների առաջնահերթություններից է. ի թիվս Եվրոպայի խորհրդի հիմնարար փաստաթղթերի՝ Արցախը դեռևս 2015 թվականին միակողմանիորեն միացել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և պարտավորվել լիարժեքորեն կիրարկել այն։ Հատկապես գնահատելի է, որ Լեռնային Ղարաբաղը այս ամենին հասել է իր սեփական ուժերով` առանց միջազգային կառույցների շոշափելի աջակցության, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ այստեղ մարդու իրավունքների պաշտպանությունն ու հարգանքը զուտ խոսքեր չեն, այլ գիտակցված ու հետևողական ընտրություն:

Արցախը չի կարող դուրս մնալ միջազգային գործընթացներից զուտ այն պատճառով, որ դրան դեմ է Ադրբեջանը, որի իշխանությունները թույլ են տալիս մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների աղաղակող խախտումներ՝ ընդհուպ մինչև ընդդիմադիր գործիչների քրեական հետապնդում, անգամ առևանգում մեկ այլ երկրի տարածքից:

Այստեղ կրկին պետք է անդրադառնամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությանը: ՄԻԵԴ-ի քննարկման առարկա են դարձել Ադրբեջանի քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներ, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Պարզ է, որ ՄԻԵԴ-ը հարցին մոտենում է «գորշ գոտիներ» բացառելու և մարդու իրավունքները Եվրոպայի տարածքում երաշխավորելու նպատակով: Այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ի որոշումներում քաղաքական ձևակերպումներն ու գնահատականները կարող են ուղղակիորեն բացասաբար ազդել բանակցային գործընթացի վրա։ Ուստի, անհրաժեշտ է, որ ՄԻԵԴ-ն իր գնահատականներում չափազանց զգուշավոր լինի՝ խուսափելով քաղաքական ձևակերպումներից:

Рекомендуем посмотреть