Թափառող շները քնեցվում են բացառապես լեյշմանիոզ, ժանտախտ և անբուժելի հիվանդությունների դեպքում․ քաղաքապետարանը՝ «անհիմն» քնեցնելու մեղադրանքներին - RadioVan.fm

Онлайн

Թափառող շները քնեցվում են բացառապես լեյշմանիոզ, ժանտախտ և անբուժելի հիվանդությունների դեպքում․ քաղաքապետարանը՝ «անհիմն» քնեցնելու մեղադրանքներին

2022-07-08 15:51 , Общество, 1086

Թափառող շները քնեցվում են բացառապես լեյշմանիոզ, ժանտախտ և անբուժելի հիվանդությունների դեպքում․ քաղաքապետարանը՝ «անհիմն» քնեցնելու մեղադրանքներին

Վերջին 6 ամսվա ընացքում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ է տեղափոխվել մոտ 2000 շուն, որից միայն 1200-ը՝ մարտ-մայիս ամիսներին: Կենտրոնում շներին առաջնահերթ հետազոտում են, առողջներին ստերջացնում, պատվաստում։

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ կենտրոնում ապրիլից մեկնարկել է նաև 2019 և 2020թթ. ստերջացված և պատվաստված կենդանիների վերապատվաստումը:

«Այն շներին, որոնց մոտ հաստատվում է վտանգավոր հիվանդություն, օրինակ՝ լեյշմանիոզ կամ ժանտախտ, անասնաբույժները ստիպված են լինում քնեցնել»,-ընդգծում են քաղաքապետարանից:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանն անդրադառնալով խոսակցություններին, թե ՀՈԱԿ-ը զբաղվում է շների անհիմն քնեցմամբ, ու որ՝ հուլիսի 1-ից դա մասսայական է արվելու, այդ տեղեկությունները մտացածին և կեղծ է որակում։

«Էֆթանազիայի են ենթարկվում բացառապես այն կենդանիները, որոնք ունեն վտանգավոր վարակիչ հիվանդություններ: Մենք ունենք Կառավարության որոշում, որով հստակ սահմանվում է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում կենդանիները պարտադիր ենթարկվում են էֆթանազիայի: Դրանք կենդանիների լեյշմանիոզ և ժանտախտ հիվանդություններն են: Լեշմանիոզն ամենատարածվածն է Երևանում: Մշտադիտարկումը ցույց է տվել, որ օրինակ մայիսին մեզ մոտ բերված մոտ 500 կենդանիներից 10%-ն ունի լեյշմանիոզ հիվանդությունը: Այդ կենդանիների հիմնական մասը Մալաթիա-Սեբաստիա և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններից էին»,-պարզաբանել է տնօրենի պաշտոնակատարը։

ՀՈԱԿ-ի գլխավոր անասնաբույժ Սոնա Հովհաննիսյանն էլ հայտնել է, որ հիվանդության հաստատումն արվում է թեստավորմամբ, որն իրականացվում է արյան լաբորատոր հետազոտությունների միջոցով:

«Որոշ դեպքերում կատարվում է կրկնակի հետազոտություն, օրինակ, երբ արտաքնապես նշաններ չկան: Լեյշմանիոզ հիվանդությունը շներից փոխանցվում է նաև մարդկանց՝ մլակների խայթոցից»,-ընդծել է նա։

Միաժամանակ տեղեկացվում է, որ քնեցվում են նաև ծանր, անբուժելի այլ հիվանդություններ, օրինակ՝ ուռուցքներ ունեցող կամ ավտովթարների հետևանքով մահամերձ շները, որոնց կյանքը փրկել հնարավոր չէ: Քնեցումն արվում է հատուկ դեղորայքով: Առողջ, ստերջացված ու պատվաստված կենդանիների մեծ մասը բաց է թողնվում նույն տարածքներում:

Մոտ 80 շան խնամքն այսօր իրականացվում է կենտրոնի կացարանում: Այստեղ այն շներն են, որոնց տերերը պարզապես հրաժարվել են, հանձնել կենտրոնին:

«Այստեղ շներն օրը երկու անգամ կերակրվում են հատուկ կերով, ստանում ջուր, նաև զբոսանքի դուրս գալիս»,-նշում են կենտրոնի աշխատակիցները:

Կենտրոնում պահվող շները հետագայում կհանձնվեն որդեգրման: Գործընթացն աժմ դադարեցված է. մշակվում է նոր կանոնակարգ, որպեսզի որդեգրված շները որոշ ժամանակ անց կրկին չհայտնվեն փողոցում: Դրա համար նախ պետք է ստուգել խնամելու պայմանները, պարտադիր հաշվառել կենդանուն վարչական շրջաններում:

«Կազմակերպության կարևորագույն նպատակը՝ կենդանիների բարեկեցության կանոնները պահպանելով, հանրության անվտանգությունն ու առողջությունն ապահովելն է: Առաջիկայում քննարկելու ենք ևս մեկ կացարան ունենալու հնարավորությունը»,- ընդգծում է Հարություն Առաքելյանը:

Երևանի քաղաքապետարանը թափառող շների խնդրի լուծման համար նախատեսում է ոլորտային մի շարք բարեփոխումներ, բայցև ընդգծում է՝ քաղաքային իշխանության ուժերը բավարար չեն, պետք է բնակիչների ակտիվ ու գործուն աջակցություն:

Лента

Рекомендуем посмотреть