Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության որևէ փորձ. Երևանում հուլիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ազգային անվտանգության գերագույն խորհրդի (ԱԽ) քարտուղար Ալի Շամխանին՝ շեշտելով, որ Իրանը ևս սատարում է ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակում:
Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Փաշինյանն ու Իրանի ԱԽ գերագույն խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման, ինչպես նաև տարբեր ուղղություններով հայ-իրանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ժամանել է Երևան այսօր՝ հուլիսի 7-ին։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նրա հետ ունեցած հանդիպմանը շեշտել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: