Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադառնալով Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) կրակոցներին, որի հետևանքով քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Աշխարհագրական տեսանկյունից, դեպի գյուղ գնացող ճանապարհը գլխավոր մայրուղուց ձախ է ընկնում՝ դեպի խորք, ինչը նշանակում է, որ խոցելի է նաև դեպի գլխավոր մայրուղու հատվածը։ ․․․Հիշեցնեմ, որ այս ուղղությամբ Ադրբեջանը առաջխաղացում էր ունեցել 2018 թվականի հուլիսին՝ ՀՀ-ում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից 2-3 ամիս հետո՝ մեծ սպառնալիք առաջացնելով ոչ միայն մերձակա համայնքների, այլ նաև Երևան-Երասխ-Գորիս միջպետական մայրուղու համար։
Մի քանի օր առաջ էլ Ադրբեջանը քաղաքացիական մեքենայի վրա կրակ էր բացել Վայոց Ձորի մարզի մեկ այլ գյուղի ուղղությամբ՝ Խաչիկի, ինչի հետևանքով կրկին քաղաքացիական մեքենա էր վնասվել։
Ամենայն հավանականությամբ, այս փուլում, ադրբեջանական ճնշումները դրսևորվելու են Նախիջևանի ուղղությունից՝ ռեգիոնալ ապաշրջափակման գործընթացում Ադրբեջանի համար առավել բարենպաստ դիրքեր ապահովելու և ՀՀ իշխանություններին հավելյալ զիջումներ պարտադրելու նպատակով»։