ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հնարավորության սահմանմամբ:
Ըստ հիմնավորման, քաղաքացիների կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաններում մրցանակակակիր լինելու և հետևյալ կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու համար, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում նաև համապատասխան նվաճումներ ունենալու և կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում:
Նշված ձևաչափով կարգը կիրառվել է ավելի քան 6 անգամ, և արդեն միանշանակորեն կարելի է պնդել, որ գործող կարգավորումներով դրա կիրառումը հանգեցնում է մի շարք անտրամաբանական հետևանքների, մասնավորապես, ստացվում է այնպես, որ բակալավրի կրթական ծրագրով տարկետման իրավունքով կրթություն ստանալու համար քաղաքացին եթե օլիմպիադանների մրցանակակիր չէ, ապա պետք է մեկնի արտերկիր սովորելու: Նշված կարգավորման պատճառով ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, որի պատճառով մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներ, իսկ պետությունը ՀՀ-ում սովորող և ապագայում գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք քաղաքացիների:
Նշված կարգավորումը նաև սոցիալական անհավասարություն է առաջ բերում, քանի որ շատ քաղաքացիներ չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ՝ նույնիսկ կրթաթոշակի առկայությամբ, բայց ունենալով համապատասխան գիտելիքներ չեն կարողանում տարկետման իրավունքով կրթություն ստանալու հնարավորություն ունենալ:
Հետևաբար բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը, չի ապահովում համապատասխան գիտելիքներով բանակ զորակոչիկներով ապահովումը, ինչպես նաև սոցիալական անհավասարություն է ստեղծում:
Նախագծով ամրագրվում է, որ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորելու հանգամանքը տարկետման տեսանկյունից համարվելու է նպատակային ուսուցում, իսկ բուհերը և համապատասխան մասնագիտություններով սովորելու կարգը և պայմանները սահմանելու է կառավարությունը:
Կարևոր նշանակություն ունեցող մասնագիտությունները հետաքրքրիր և հեռանկարային չեն համարվում երիտասարդության և դիմորդների շրջանում:
Առկա իրավիճակում այդ մասնագետներով ոչ համալրվածության և բացակայության պայմաններում պետության անվտանգության և գիտատեխնիակական զարգացման համար կարևորագույն ոլորտները չեն կարող ունենալ զարգացման հեռանկար:
Սույն փոփոխությունների իմաստով պետությունը նպատակային ուսուցման բաղադրիչ է դիտարկում կարևորագույն ոլորտներում մասնագետների պատրաստումը և կրթության շարունակականության և զարգացման ապահովումը: Անվճար հիմունքներով բուհ ընդունված ու շարունակություն ապահովող և ուսումնառությունը բարձր առաջադիմությամբ սովորելու հանգամանքը, պետության կարիքների համար որակյալ կադրերի պատրաստումը, ապահովումը և այդ կադրերով վերոնշյալ ոլորտների զարգացմանն նպաստելը:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը: 27 տարին լրանալը զորակոչի ենթակա լինելու առավելագույն շեմ սահմանելը կրթության ոլորտում տարկետում ունեցող քաղաքացիների համար ստեղծում է մի շարք խոչընդոտներ, որն հնարավորություն չի տալիս տարկետում ունեցող քաղաքացիների ավարտել ուսումը: Նման տարիքային շեմ սահմանելու ժամանակ դպրոցական կրթությունը ՀՀ-ում եղել է 10 ամյա և քաղաքացիները 17 տարեկանում ավարտելով դպրոցը հնարավորություն են ունեցել մինչև 27 տարեկան լրանալը ավարտել բարձրագույն կրթություն ստանալը՝ կրթական բոլոր աստիճաններով: Սակայն 12-ամյա կրթության անցնելուց հետո, քաղաքացիները համալսարան են ընդունվում 18 տարեկանում և հնարավորություն չեն ունենում ավարտել ասպիրանտական կրթությունը:
«Կրթական տարկետում ստացած մեր ուսանողները վերջին տարիներին լրջագույն խնդրի հետ էին առնչվում: Խորհրդային տարիներին դպրոցը տասը տարի էր և աշակերտները17 տարեկանում ավարտում էին,հիմա 12-ամյա է և, ստացվում է, որասպիրանտը իր երրորդ տարվա ուսուցման շրջանում զորակոչվում է բանակ: Մենք առաջարկում ենք նշված կրթական տարկետումունեցող ուսանողների զորակոչի տարիքը մեկ տարով հետաձգել` մինչև 28 տարեկան, և ուսանողը հանգիստ իր ասպիրանտուրան ավարտի և պաշտպանի թեկնածուական թեզը»,-մասնավորապես ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ հավելելով, որնախագիծը լայն հանրային քննարկում է անցել:
Անդրադառնալով օրենքի նախագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով տարկետման ինստիտուտը վերադարձվում է բուհական համակարգ:
«Այստեղ կարևոր է արձանագրել, որ մենք այդ որոշումը կայացնում ենք՝ կառավարության համար թողնելով հասցեականության որոշակի հայեցողություն: Այսինքն՝ոչ թե ասելու ենք, որ բուհեր ընդունվող ինչ-որ շերտ ազատվում է կամ տարկետում է ստանում պարտադիր զինվորական ծառայությունից, այլ ամեն տարվա համար մենք որոշակի հասցեական որոշակի մասնագիտություններ, որոշակի բուհերի կտանք տարկետման հնարավորություն ունեցող տեղեր՝ կախված Կառավարության ծրագրի և գործունեության առաջնահերթություններից: Շատ կարևոր է մի հանգամանք՝ կառավարությունն իր որոշումներով հնարավորություն կունենա որոշակի լրացուցիչ պայմաններ առաջադրել այդ տեղերում ընդունելության հավակնող դիմորդների համար: Պարոն Դումանյանը նշեց բուհերում երիտասարդ դասախոսների խնդիրը, ես կընդգծեմ հեռավոր գյուղերում ուսուցիչների պակասի խնդիրը: Եվ մենք այս հարցերը պետք է կարողանանք կառավարել և կարգավորել»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է ստեղծվեն նաև մեխանիզմներ այդ ուսանողների պարտավորությունների կատարմանը հետևելու համար:
Կառավարության այսօրվա նիստի մանրամասները՝ տեսանյութում։