«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ ենք կառուցելու». Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ ենք կառուցելու». Փաշինյան

2022-07-07 15:00 , Политика, 835

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ ենք կառուցելու». Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է 13.3 միլիարդ դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ երեք խոշոր ծրագրերի իրականացման համար:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ծրագրերից մեկը վերաբերվում է ջրամբարաշինությանը՝ Կապսի ջրամբարին: «Հիմա փաստաթղթերն ուսումնասիրության փուլում են և, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, անհրաժեշտություն կառաջանա 3.5 միլիարդ դրամ լրացուցիչ գումար հատկացնել շինարարին»,-ասաց նա: Նախարարը տեղեկացրել է, որ Երևանում իրականացվող երկու ծրագրերով՝ Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ուղղություններով իրականացվում են աշխատանքներ, և դրանք ավարտական տեսքի բերելու համար կհատկացվի 4.1 միլիարդ դրամ:

«Միջին նորոգման աշխատանքներն անընդհատ ուսումնասիրության փուլում են: Տասը ճանապարհահատվածներ ունենք` 135 կմ երկարությամբ, որոնց նորոգման համար 5.7 միլիարդ դրամ պետք է հատկացնենք»,-ասել է Գնել Սանոսյանը:

Մասնավորապես, որոշմամբ նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել Մ-5 միջպետական նշանակության ավտոճանապարհի Էջմիածին, Արմավիր 26.874կմ, Մ-12 միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս, Քարաշեն, Տեղ 16,850կմ, Հ-32 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գյումրի, Վահրամաբերդ 10,684կմ և այլ հատվածների համար:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Դիլիջանում երկու թունելների վերականգնման աշխատանքներին, որի համար միջազգային մրցույթ է հայտարարված:

«Ես խնդիր եմ դրել, որ Ստեփանավանի և Դիլիջանի թունելները պատշաճ տեսքի բերվեն և միջազգային ստանդարտներին համապատասխանեցվեն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է նաև, որ հանձնարարականներ է տվել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու փլուզման եզրին գտնվող պատի և դեպի Բջնիի ամրոց տանող ճանապարհի նորոգման հետ կապված:

«Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի 11-րդ դարի է: Եկեղեցու պատը վթարային վիճակում է, և այնտեղ հենքեր են տեղադրել, որպեսզի այն չփլուզվի: Ես ԿԳՄՍ նախարարին հանձնարարել եմ, որ մենք իրականացնենք այդ ծրագիրը, հետո, բարեբախտաբար, պարզվեց, որ պատրաստի նախագիծ կա և պետք է ֆինանսավորում ապահովել: Հնարավորինս արագ պետք է խոյակերտ եկեղեցու պատը նորոգենք: Նաև հանձնարարականներ եմ տվել Բջնիի ամրոցի հետ կապված, քանի որ դա նույնպես մեր երկրի կարևորագույն պատմական մշակութային հուշարձաններից է: Այնտեղ ճանապարհի խնդիր կա, որը շատ մեծ թեքություն ունի, բայց պետք է ճանապարհը նորոգել, որպեսզի զբոսաշրջային պոտենցիալն ամբողջությամբ իրացվի»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է նաև, որ հիմա նորոգվում է Բջնի-Հրազդան ճանապարհահատվածը, որը տասնյակ տարիներ չվերանորոգված հատված էր. այն էականորեն կակտիվացնի զբոսաշրջային պոտենցիալը Աղվերան-Ծաղկաձոր հատվածում, իսկ հաջորդ տարի կդիտարկվի նաև Աղվերան-Չարենցավան ճանապարհահատվածը:

Կապսի ջրամբարի կառուցման առումով Նիկոլ Փաշինյանը կարևորել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը:

«Այնտեղ մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ, ըստ էության, նոր գյուղ ենք կառուցելու և շատ կարևոր է որ այս նախագիծը շատ հաջող ընթանա, և մենք 21-րդ դարի գյուղի մոդել կարողանանք այնտեղ ներդնել, քաղաքաշինական նոր մշակույթ ձևավորենք, որը կհամապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին և պահանջներին»,-ասել է կառավարության ղեկավարը:

Կառավարության այսօրվա նիստի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть