Այսօր Հայաստանի Հանրապետության (ՀՀ) Սահմանադրության օրն է։
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հուլիսի 5-ը սահմանված է ոչ աշխատանքային օր։
1991թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանադրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով՝ հետագայում հանրաքվեներով (2005, 2015) ենթարկվելով փոփոխությունների։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։
Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։
ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։