ՀՀ-ում ընթացիկ տարում արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ 27 տուժածով - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում ընթացիկ տարում արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ 27 տուժածով

2022-07-04 17:06 , Общество, 987

ՀՀ-ում ընթացիկ տարում արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ 27 տուժածով

Ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ 27 տուժածով։ Դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է Լոռու մարզում։

Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից՝ նկատելով, որ սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ:

«Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն)»,-նշում են Կենտրոնից՝ սնկից թունավորումներից խուսափելու համար տալով համապատասխան խորհուրդներ։

Այսպես՝

  • սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
  • չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
  • ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սունկը շատ հաճախ աճում են ուտելի սնկի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել միմյանց,
  • չուտել հում սունկ,
  • երեխաներին չկերակրել սնկերով,
  • խորհորդ չի տրվում ստամոքսաղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ,
  • սնկի հետ չօգտագործել ալկոհոլ,
  • թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում,
  • չզբաղվել ինքնաբուժությամբ։

Տեղեկացվում է՝ սնկից առաջացած թունավորումներն ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում: Կլինիկական հիմնական ախտանշաններն են՝ որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, հալյուցինացիաները՝ առանց քնկոտության, ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարումը:

Առաջին նշանների ի հայտ գալուն պես անմիջապես պետք է դիմել բժշկի:

Лента

Рекомендуем посмотреть