Հայաստանի ազգային ավիափոխադրողն իրականացրել է առաջին առևտրային չվերթը - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի ազգային ավիափոխադրողն իրականացրել է առաջին առևտրային չվերթը

2022-07-04 15:14 , Общество, 960

Հայաստանի ազգային ավիափոխադրողն իրականացրել է առաջին առևտրային չվերթը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» (Air Arabia) խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա» (Fly Arna) ավիաընկերությունը նախօրեին՝ հուլիսի 3-ին, իրականացրել է իր առաջին առևտրային չվերթը Երևանից Հուրգադա:

«Մեկնարկային G6 501 չվերթը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեկնել է 07:00-ին և վայրէջք է կատարել Հուրգադայի միջազգային օդանավակայանում տեղական ժամանակով 08:40-ին: Fly Arna-ի թիմի անդամները, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ներկայացուցիչների հետ միասին, մեկնման սրահում ողջունեցին ուղևորներին, իսկ Հուրգադայի միջազգային օդանավակայանում օդանավը դիմավորեցին ջրային կամարով և օդանավակայնում կազմակերպված հատուկ արարողությամբ»,-հայտնում են ավիաընկերությունից՝ ընդգծելով, որ ուղևորները թռիչքի ընթացքում կարող են օգտվել «SkyTime» սթրիմինգային ծառայությունից, որը ներառում է անվճար ժամանցային ֆիլմեր, հեռուստածրագրեր, երաժշտություն և աուդիոգրքեր։

FlyArna-ից, միաժամանակ, ընդգծում են, որ աշխատում են չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ և շուտով կհայտարարեն նոր ուղղությունների մասին։

«ԱՆԻՖ-ը ուրախ է Ֆլայ Արնայի առևտրային չվերթների գործարկման առիթով, վստահ լինելով, որ ավիաընկերությունը դառնալու է Հայաստանից և դեպի Հայաստան ուղևորների հուսալի գործընկերը՝ ընդլայնելով թռիչքների աշխարհագրությունը և ապահովելով Հայաստանի հուսալի կապը աշխարհի հետ»,-ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ ԱՆԻՖ-ը և Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորը՝ «Էյր Արաբիա» ընկերությունը 2021-ի սեպտեմբերին հայտնեցին, որ 500 առաջարկից համատեղ ձեռնարկության կողմից գործարկվող նոր ազգային ավիափոխադրողի անվանում է ընտրվել “Fly Arna”-ն («Ֆլայ Արնա»):

Ընկերությունը հունիսի 3-ին հայտնեց, որ ստացել է օդանավ շահագործողի վկայական (AOC) և Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր (AOL), ինչը ավիաընկերությանը թույլ կտա սկսել գործունեությունը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ազգային ավիափոխադրողի գործունեության մեկնարկին նվիրված պաշտոնական միջոցառմանը, որը կայացել է հունիսի 10-ին, հայտարարել էր, որ ժամանակն է եկել կտրելու Հայաստանի ավիացիայի ոլորտի բացասական պատմությունների շղթան և ՀՀ կառավարությունը կարողացել է քաղաքացիների համար ստեղծել մատչելի գներով ճամփորդելու հնարավորություն: Փաշինյանը, միաժամանակ, հույս էր հայտնել, որ «Ֆլայ Արնա» ավիաընկերությունն ավելի շատ մարդկանց կբերի Հայաստան և ավելի շատ մարդկանց կտանի Հայաստանից:

Лента

Рекомендуем посмотреть