Բարձրագույն դատական խորհրդից (ԲԴԽ) տեղեկացնում են, որ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:
Նշենք՝ նախօրեին Գագիկ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Դավիթ Խաչատուրյանի, Մեսրոպ Մակյանի, Անի Մխիթարյանի և Սերգեյ Չիչոյանի անդամակցությամբ ձևավորված հանձնախումբը որոշել է մերժել կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրավիրված ասուլիսում հրապարակել էր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրություն:
Պարզաբանելով հրապարակածը՝ Վարդազարյանը հայտարարել էր, թե իրեն առաջարկվել է հրաժարական տալ՝ երաշխավորելով, որ քրեական հետապնդում չի լինի, ինքը մինչև մարտի 1-ը ժամանակ էր խնդրել:
Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող՝ ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել, և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Հիշեցնենք՝ Գագիկ Ջհանգիրյանը 2021 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ: 2021 թվականի ապրիլի 15-ից կատարում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի պարտականությունները: