Բացականեր, աշխատանքային թերացումներ․ ՔՊ-ն ընդդիմադիր Սաղաթելյանին և Հակոբյանին զրկեց խորհրդարանում ունեցած պաշտոններից - RadioVan.fm

Онлайн

Բացականեր, աշխատանքային թերացումներ․ ՔՊ-ն ընդդիմադիր Սաղաթելյանին և Հակոբյանին զրկեց խորհրդարանում ունեցած պաշտոններից

2022-07-01 13:15 , Политика, 1033

Բացականեր, աշխատանքային թերացումներ․ ՔՊ-ն ընդդիմադիր Սաղաթելյանին և Հակոբյանին զրկեց խորհրդարանում ունեցած պաշտոններից

Ազգային ժողովն (ԱԺ) այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նստաշրջանի օրակարգային 2 հարցով քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու և Վահե Հակոբյանին՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծերը:

Նշենք՝ քննարկմանը չեն մասնակցել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները: Ելույթի իր իրավունքից Իշխան Սաղաթելյանը չի օգտվել:

Հիմնական զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ Իշխան Սաղաթելյանն այդ պաշտոնում ընտրվել է 2021 թ. օգոստոսի 6-ին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկել նրա թեկնածությանը՝ հարգելով ՀՀ քաղաքացիների ընտրությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված է, որ ԱԺ նախագահի 3 տեղակալներից մեկի թեկնածուն կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված ընդդիմադիր պատգամավորների թվից:

Նշվել է, որ Իշխան Սաղաթելյանը 2022 թ. հունվարի 17-ից մինչև հունիսի 29-ը ներառյալ, այսինքն՝ 2022 թ. առաջին օրացուցային կիսամյակի նիստերի 342 քվեարկությունից ունեցել է 198 բացակա: ԱԺ խորհուրդը ձևավորման պահից առայսօր գումարել է 25 նիստ, որից միայն 7-ին է ներկա եղել Իշխան Սաղաթելյանը: Այսինքն՝ Իշխան Սաղաթելյանը չի կատարել իր անմիջական պարտականությունները: Փոխխոսնակի հաճախակի բացակայությունների պատճառով անհնարին է դարձել նրան ԱԺ նախագահի կողմից հանձնարարություններ տալը և լիազորությունների պատվիրակումը, ինչի հետևանքով նաև չեն իրացվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված դրույթները:

Արուսյակ Ջուլհակյանը նաև ներկայացրել է ընդդիմության կազմակերպած հանրահավաքների ժամանակ Իշխան Սաղաթելյանի հնչեցրած վիրավորական, ինչպես նաև ատելություն սերմանողարտահայտությունները և նրա կողմից բախումներ հրահրելու դեպքերը՝ երթերի ընթացքում:

«ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը չի կատարում և չի ցանկանում կատարել՝ որպես ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ՝ Սահմանադրությամբ և այլօրենքներով իրեն վերապահված գործառույթները: Վերոգրյալի հաշվառմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ ԱԺ որոշման ընդունմամբ նպատակ ունի հետագայում ընտրելու ԱԺ նախագահի՝ ընդդիմության կողմից առաջադրված այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի՝ ապահովելով Ազգային ժողովի բնականոնգործունեությունը»,-ընդգծել է զեկուցողը:

Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցի քննարկմանն էլ հիմնական զեկուցող Ծովինար Վարդանյանը նշել է, որ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կարգավորման դաշտում են գործունեության այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են՝ հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առևտուր և ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ և այդ ոլորտները կարգավորող օրենքներ:

«Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին օրացուցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկությունից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին: Ազգային ժողովի ութերորդ գումարման ընթացքում հրավիրված 25 Խորհրդի նիստից բացակայել է 20 անգամ: Ազգային ժողովն ութերորդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որից 83-ի համար գլխադասային է եղել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման ընթացքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է 27 հերթական և արտահերթ նիստ: Հանձնաժողովի նախագահը նիստերի նախապատրատման, կազմակերպման աշխատանքներին չի մասնակցել, չի նախագահել 11 նիստ, այնուհետև քարտուղարությանը հանձնվող վերոնշյալ թվով նիստերի օրակարգերը և արձանագրությունները նախագահի կողմից չեն ստորագրվել: Նրա կողմից չեն ստորագրվել նաև քարտուղարությանը հանձնվող օրակարգերի արձանագրությունները, հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած օրենքի նախագծերի և մի շարք այլ փաստաթղթեր»,-նշել է հիմնական զեկուցողը:

Իշխանական պատգամավորն ընդգծել է՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական պետություն է, մշտական հանձնաժողովներն Ազգային ժողովի կարևորագույն մարմին են և «Ազգային ժողովի կանոնակարգ»սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ստեղծվում են օրենքների նախագծերի, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար, հետևաբար մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը կարևորվել է այնքանով, որ չի թողնվել միայն խմբակցությունների հայեցողությանը, և մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն կարող է ընտրվել հանձնաժողովի նախագահ միայն պատգամավորների ձայների մեծամասնությամբ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը պահպանվում է մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը: Հետևաբար, հաշվի առնելով վերոգրյալը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանին՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման ընդունմամբ նպատակ ունի հետագայում ընտրելու հանձնաժողովի նախագահի, ով կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի` ապահովելով հանձնաժողովի բնականոն գործունեությունը, միաժամանակ կմասնակցի ԱԺ խորհրդի նիստերին, որտեղ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ի պաշտոնե ընդգրկված են մշտական հանձնաժողովներ, նախագահները»,- եզրափակել է Ծովինար Վարդանյանը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի տեղեկացմամբ` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հիմնական զեկույցից հետո ելույթ կարող է ունենալ և հարցերին պատասխանել, ինչպես նաև եզրափակիչ ելույթով հանդես գալ մշտական հանձնաժողովի նախագահը: «Նման ելույթի հնարավորություն ուներ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը, սակայն նա բացակայում է դահլիճից»,- նշել է ԱԺ փոխխոսնակը:

Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Փակ գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հեռացվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից՝ 66 կողմ, 0 դեմ ձայներով։

Ձայների նույն հարաբերակցությամբ էլ, փակ գաղտնի քվեարկությամբ դադարեցվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի լիազորությունները՝ որպես Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Հավելենք՝ ԱԺ 107 պատգամավորից արտահերթ նիստին ներկա է եղել 66 պատգամավոր։

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի արտահերթ նիստի մանրամասները՝ տեսանյութում։

Օրերս հայտնել էինք, որ ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու գործընթաց սկսելու մասին որոշում է կայացրել:

Лента

Рекомендуем посмотреть