2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2022 թվականի առաջին կիսամյակը, որոնողական աշխատանքների արդյունքում ի հայտ է բերվել 1711 աճյուն և մասունքներ: Մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, 33-ը՝ զինծառայող, 20-ը՝ քաղաքացիական:
Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ՆԳՆ ԱԻՊԾ) հայտնում են, որ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի նախագահությամբ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն»-ում տեղի ունեցած հանձնաժողովի հերթական նիստում նախարար Սարգսյանը նշել է, որ այս պահին ռուսական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ են տարվում զոհված զինծառայողների աճյունների ու մասունքների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով:
Քննարկումների ընթացքում հանձնաժողովի անդամներն ընդգծել են, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձն ապահովելու հարցում Ադրբեջանը շարունակում է ցուցաբերել ոչ կառուցողական մոտեցում:
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Կարեն Սարգսյանը հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին, մասնավորապես, փոխգործակցությունն ավելի ամրապնդելու՝ հետագա աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Հավելենք՝ հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։