Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց․ Միրզոյանը՝ Հունաստանի պաշտոնակցին - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց․ Միրզոյանը՝ Հունաստանի պաշտոնակցին

2022-06-28 17:33 , Политика, 900

Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց․ Միրզոյանը՝ Հունաստանի պաշտոնակցին

Աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։

Ի թիվս մի շարք հարցերի՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին։

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Արտգործնախարարության փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն առանձնահատուկ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում, և բարձր գնահատել Հունաստանի դիրքորոշումը՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ նախարար Միրզոյանը նաև երախտագիտություն է հայտնել Հունաստանի կառավարությանը՝ հումանիտար օգնության տրամադրման համար։

ԱԳ նախարարն անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ ռազմատենչ և սադրիչ հռետորաբանությունն ու գործողությունները՝ ընդգծելով նաև այն փաստը, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց։

Կարևորվել է 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրման և ոչնչացման հետևողական քաղաքականության կանխումը։ Արարատ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կառույցների ներգրավվածության, հատկապես՝ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անարգելիրականացման հրատապությունը։

Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։

Հանդիպման ավարտին Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները մասնակցել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև Եվրամիությանը վերաբերող հարցերի շուրջ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը:

Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:

Лента

Рекомендуем посмотреть