Ռուսական կողմը մերժել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի՝ ԼՂ-ի ապագան քննարկելու հրավերը - RadioVan.fm

Онлайн

Ռուսական կողմը մերժել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի՝ ԼՂ-ի ապագան քննարկելու հրավերը

2022-06-28 17:32 , Политика, 851

Ռուսական կողմը մերժել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի՝ ԼՂ-ի ապագան քննարկելու հրավերը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր շփվել է իր գործընկերների հետ, որպեսզի քննարկի Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) ապագան: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Twitter-յան գրառումից, որում, միաժամանակ նշվում է, որ ռուս համանախագահը չի ընդունել հրավերը։

«Ցավալի է, որ ռուս համանախագահը չընդունեց հրավերը։ Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի շարունակական աշխատանքին»,-ասված է հրապարակման մեջ։

Հիշեցնենք՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեռ ապրիլի 8-ին, Մոսկվայում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամլո ասուլիսում լրագրողի խնդրանքով անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա գործունեությանը, հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ «ամերիկացի և ֆրանսիացի գործընկերները», ռուսատյացության տենդով տարված, հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ այդ ձևաչափում։ Իսկ օրեր առաջ Բաքու կատարած այցի ընթացքում Լավրովը հայտարարել էր, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»։

Իգոր Խովաևը, որը Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահն էր, նոր պաշտոն է ստանձնել, նա այժմ Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչն է ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցով։

Հավելենք՝ ի հեճուկս Ադրբեջանի հայտարարությունների, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս անելիք չունի, քանի որ Ղարաբաղի հակամարտությունը լուծված է և Բաքուն «կկասեցնի» ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը, ու որ, այն կարող է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի նախապատրաստմանը, Հայաստանի իշխանությունները պնդում են, որ Ղարաբաղյան խնդիրը դեռ լուծված չէ, և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարաման մասին գնահատականները հիմնավորված չեն:

Лента

Рекомендуем посмотреть