ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հանրային քննարկման է ներկայացրել «Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Ըստ այդմ՝ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրման նպատակով սահմանել «Հանրապետություն» մրցանակ և այն շնորհել յուրաքանչյուր տարի՝ սկսած 2023 թվականից:
Սահմանվում է, որ «Հանրապետություն» մրցանակը յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում է համանուն վկայագրի, կրծքանշանի և դրամական պարգևի ձևով:
«Համաձայն «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի` ըստ բնագավառների կձևավորվեն հանձնաժողովներ, որոնք պարգևատրման համար կներկայացնեն համապատասխան թեկնածուներին:
Մրցանակի մաս կազմող դրամական պարգևները, ինչպես նաև կրծքանշանի և համապատասխան վկայագրերի պատրաստման գումարները հատկացնում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամը:
Այսպիսով՝ ««Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կներդրվի և կկիրառվի հանրապետության տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը նպաստող Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի գնահատման ու պարգևատրման ևս մեկ համակարգ»,-նշում են նախարարությունից՝ հավելելով, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 7-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարությունն այս օրերին շրջանառել է նաև կոչումները չեղարկող նախագիծ, որով առաջարկվում է, մասնավորապես, չեղարկել «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ պահպանել «ՀՀ արվեստի վաստակավոր գործչի» և «ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի» պատվավոր կոչումները։ Նախագծի հիմնավորման մեջ ընդգծվում է, որ «քաղաքակիրթ և առաջատար մշակույթ ունեցող երկրներում չեն գործում արվեստագետի արժևորման նման ձևաչափեր, մինչդեռ չեղարկվելիք պատվավոր կոչումները սովետական մշակութային համակարգի վերապրուկներ են»: