2 մլն դրամի խոստման դիմաց զինծառայողը զորամասից տվյալներ է փոխանցել․ ԱԱԾ-ն՝ պետական դավաճանության հերթական դեպքի մասին - RadioVan.fm

Онлайн

2 մլն դրամի խոստման դիմաց զինծառայողը զորամասից տվյալներ է փոխանցել․ ԱԱԾ-ն՝ պետական դավաճանության հերթական դեպքի մասին

2022-06-28 17:23 , Право, 1099

2 մլն դրամի խոստման դիմաց զինծառայողը զորամասից տվյալներ է փոխանցել․ ԱԱԾ-ն՝ պետական դավաճանության հերթական դեպքի մասին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) պետական դավաճանության հերթական դեպքն է բացահայտել։ Ծառայությունը հայտնում է, որ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է ուսումնական կենտրոն հանդիսացող N զորամասի հրամանատարական կազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինծառայողների թվաքանակի, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) որոշ ստորաբաժանումների տեղակայման վայրերի վերաբերյալ:

«Նկարագրված պայմաններում վերջինս «ok.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո 2.000.000 ՀՀ դրամ վարձատրություն ստանալու խոստման դիմաց նկարելու և «Վոթսափ» հավելվածով ուղարկելու, ինչպես նաև նույն հավելվածով պարբերաբար տեսազանգեր կատարելու ու հաղորդագրություններ ուղարկելու միջոցով հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է փոխանցել իրենց զորամասի շենքերի և շինությունների, սպառազինության, ռազմական զրահատեխնիկաների, մարտական ու տրանսպորտային մեքենաների քանակի և տեսակների, ուսումնական կենտրոնում զորավարժություններ իրականացնող հետախուզական և այլ ստորաբաժանումների քանակի ու սպառազինության, անցկացվող պարապմունքների նպատակների վերաբերյալ տվյալներ, լուսանկարներ»,-մանրամասնում են ԱԱԾ-ից՝ նշելով, որ պետական դավաճանության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քաղաքացին ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք, որից հետո քրեական գործով հավաքված բավարար ապացույցների համակցությամբ վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

ԱԱԾ-ն կրկին հորդորում է բնակչությանը՝ հատկապես զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց, առավել ևս՝ նրանց հետ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց և տեղեկություններ փոխանցելուց: Միաժամանակ տեղեկացնվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումներով պետական դավաճանություն կատարելու համար նախատեսված է ընդհուպ ցմահ ազատազրկում։ Ծառայությունը կոչ է անում զերծ մնալ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը, այլ անձանց կյանքն ու առողջությունը վտանգող նման պարսավելի և հանրության համար խիստ վտանգավոր հակաօրինական արարքներ կատարելուց:

Ի դեպ, նշենք, երեկ կայացած առցանց ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ 50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության համար։

«Մեր կոորդինատ բերողը, պարզվել է, ադրբեջանական գործակալ է ու սխալ կոորդինատ է տալիս, սա հայրենիքի դավաճանություն անող է: Նա, ով «դավաճան չէ», ընդամենը 20 կմ-անոց արկի տեղն առել է 10 կմ-անոց արկ, բայց գրել է 20 կմ-անոց, պատերազմի ժամանակ կրակել են 20 կմ հեռավորություն ունեցող թիրախի վրա, կրակել են՝ չխոցելով այդ թիրախը, դեռ պարզ չէ՝ մեր թիրախներին խոցել են, թե ոչ»,-ասել է Փաշինյանը:

Лента

Рекомендуем посмотреть