«Անորոշություններով լի և դժվար կանխատեսելի նոր իրողությունների ժամանակաշրջանում անչափ կարևոր են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ պարբերական հանդիպումները»,-այդ մասին այսօր՝ հունիսի 27-ին, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Ավստրիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Լյուքսեմբուրգի և Միացյալ Թագավորության երկրների խմբի Գործադիր տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ռոսի և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի հետ հանդիպմանը շեշտել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցության 15-ամյա հոբելյանը։
Նախարարությունից հայտնում են, որ Ֆիլիպ Ռոսը, անդրադառնալով ԱԶԲ-ի՝ Հայաստանի կառավարության հետ ունեցած բազմամյա համագործակցությանը, նշել է, որ Հայաստանը մեծ հնարավորություններ ունեցող երկիր է և ԱԶԲ-ն պատրաստ է մշտապես աջակցել այստեղ իրականացվող ծրագրերին:
Հանդիպմանը կողմերը խոսել են մասնավոր հատվածի զարգացման, հանրային ներդրումների, պետական ենթակառուցվածքային ծրագրերի զարգացման, ինչպես նաև գործող տեխնիկական աջակցության միջոցառումների շուրջ: