«Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) կարգավիճակի հարցը շարունակում է մնալ չլուծված, և այն պետք է կարգավորվի միջազգայնորեն ճանաչված ձևաչափի շրջանակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո»․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ հանդիպմանը։
Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Փաշինյանն անդրադարձել է նաևԱդրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ անձանց վերադարձի, ԼՂ-ում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության խնդիրներին:
Վիկտոր Ռիխտերը ԳԴՀ կառավարության աջակցությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը:
ՀՀ վարչապետը կարևորել է առաջադեմ միջազգային հանրության հասցեական արձագանքը հումանիտար և անվտանգային խնդիրներին:
Զրուցակիցները նաև քննարկել են հայ-գերմանական կապերի խորացման հեռանկարները: Գոհունակություն հայտնելով երկկողմ օրակարգի շրջանակում իրականացվող ծրագրերից՝ Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել ինտենսիվ գյուղատնտեսությունը ևս: ԳԴՀ դեսպանը ողջունել է վարչապետի առաջարկը և հիշատակել նաև ՓՄՁ, էներգետիկայի, ջրային տնտեսության, էլեկտրոնային կառավարման, ֆինանսական և այլ ոլորտներում համատեղ ծրագրերը: Երկուստեք կարևորվել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկերի բանկի (KfW) գործունեությունը:
Դեսպան Ռիխտերը նշել է, որ Գերմանիան հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը և վերահաստատում է իր օժանդակությունը ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին: